ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Բաքվի վրա. միջանցքի գաղափարը ռուսներն են դրել Ալիևի բերանը. Մեհրաբյան. տեսանյութ


Շուշիում օրերս կայացած մեդիա ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի և Խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին՝ չբացառելով դրա հավանականությունը։

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ Աբու Դաբիում կայացած հանդիպումից հետո Ալիևը հայտնվել է երկու քարի արանքում:

Խոսելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարության մասին, թե Հայաստանը պետք է «անխոչընդոտ և անվտանգ մուտք ապահովի Ադրբեջանից Ադրբեջան», և որ ադրբեջանական բեռները ու Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն՝ Ռուբեն Մեհրաբյանը նկատում է՝ դա կարող է լինել միայն հավասարության սկզբունքով, և այնպես չէ, որ Հայաստանի քաղաքացիները գիշերը չեն քնում սպասումից, թե երբ պետք է տեսնեն ադրբեջանցի սահմանապահին:

Անդրադառնալով Զատուլինի այն հայտարարությանը, որ Բաքուն միտումնավոր խնդիրներ է ստեղծում հետագայում տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը ԱՄՆ-ին, այլ ոչ թե Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու համար՝ Մեհրաբյանն ասում է՝ Զատուլինը լյուստրացիայի է ենթարկում այն գործարքը, որ կար Ռուսաստանի և Ադրբեջանի միջև:

Անդրադառնալով Թրամփի այն հայտարարություններին, թե ԱՄՆ-ն այստեղ հրաշք է գործել, և Խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է, եթե ոչ արդեն իրականացած՝ Մեհրաբյանն ասում է՝ ամերիկյան կողմը Ադրբեջանին ճնշման է ենթարկում և նաև շահագրգռում լավ հարաբերությունների հեռանկարով ու պաշտպանությամբ:

Դիտարկմանը, թե ինչու են Մարգարիտա Սիմոնյանը և Ռուսաստանում ապրող տարբեր հայ գործիչներ լծվել իբրև թե Եկեղեցու պաշտպանության գործին, զրուցակիցը նկատում է՝ որովհետև Հայ առաքելական եկեղեցին Ռուսաստանի շահերը սպասարկող խմբակը զավթել է, և նրանք պաշտպանում են յուրայիններին:

Ըստ Մեհրաբյանի՝ Հայաստանն այսօր անում է ճիշտ քայլեր և շարունակելու է դա անել, որովհետև ունի դրա համար և՛ բոլոր հիմքերը, և՛ այդ ամենն անելու ողջ ներուժը:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ