![]()
Ադրբեջանը պատրաստում է փաստաթղթեր՝ միջազգային դատարաններ ներկայացնելու Ռուսաստանի դեմ՝ կապված 2024 թվականի դեկտեմբերին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ։
Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով՝ յոթ ամիս շարունակ Ադրբեջանը «ռուսական կողմից ոչ մի հստակ պատասխան չի ստացել»։
Նա ասել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազը պարբերաբար հարցումներ է ուղարկում Ռուսաստանի քննչական կոմիտե, բայց ի պատասխան, հնչում է միայն «հետաքննությունը շարունակվում է» ձևակերպումը։ Ալիևն այս դիրքորոշումն անվանել է «հակաարդյունավետ»։
«Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, և կարող ենք ապացուցել դա։ Մենք գիտենք, որ ռուս պաշտոնյաները նույնպես տեղյակ են տեղի ունեցածի մասին։ Հարցն այն է, թե ինչու նրանք չեն անում այն, ինչ կաներ ցանկացած հարևան նման իրավիճակում», — ասել է Ալիևը։
AZAL ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին։
Աղետի հետևանքով զոհվել է 38 մարդ, այդ թվում՝ յոթ ռուս։ Վթարից հետո Ալիևը հայտարարել է, որ ինքնաթիռը վնասվել է արտաքին հարվածից Գրոզնի քաղաքի մոտ, ինչը հանգեցրել է վերահսկողության կորստի։ Կրեմլը բացատրել է, որ այն պահին, երբ ինքնաթիռը փորձում էր վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում, տարածաշրջանը, ներառյալ Մոզդոկը և Վլադիկավկազը, ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել այն փաստի համար, որ «ինքնաթիռի հետ կապված ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում»։
![]()