![]()
Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.
«Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։
Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։
ԱԳՆ-ն իր հերթին անդրադառնալով այս մեկնաբանությանը հետևած հրաարակումներին, հայտնել է, որ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը։
«Ուղիղ մեջբերում փոխնախարար Սաֆարյանի խոսքից. «Այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո, եթե դա համապատասխանի այդ սկզբունքներին, այո, կարող է իրականացվել»,- սոցցանցի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
![]()