![]()
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց թմրամիջոց իրացնել:
«Ընդունելով կաշառք ստանալու առաջարկը՝ հիշյալ պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 24-ին ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով հաջորդ օրը՝ հագուստի մեջ թաքցրած, ապօրինի կերպով տեղափոխել է հիշյալ քրեակատարողական հիմնարկ: Պաշտոնատար անձը, սակայն, չի կարողացել մուտք գործել հիմնարկի տարածք, քանի որ մինչ այդ ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից, ովքեր վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերել են թմրամիջոցը:
«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նույն ՔԿՀ-ի դատապարտյալին ևս մեղադրանք է ներկայացվել:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()