![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը մտահոգիչ է համարում այն, որ Ռուսաստանի Դաշնությունը կամ այդ երկրի առանձին ներկայացուցիչներ փորձեր են կատարում խառնվելու Հայաստանի ներքին կյանքին:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Եկեղեցու շուրջ ծավալվող իրավիճակը մտահոգիչ է:
Ղազարյանի խոսքով՝ բոլորին է պարզ, թե ինչ մասշտաբի ահաբեկչության իրականացում է կանխել ՀՀ իրավապահ համակարգը:
Պատգամավորի դիտարկմամբ՝ առավել սարսափելի է այն, որ այդ ամենը գլխավորել է երբեմնի հոգևորական:
«Հայաստանի իշխանության նպատակը նման սևազգեստ ահաբեկիչներին Եկեղեցուց դուրս թողնելն է»,- շեշտում է նա:
Ղազարյանը հիշեցնում է Գալստանյանի այն հայտարարությունները, որ իրենց շարժումն օրհնել է Գարեգին Բ-ն. «Այնպես որ այս շղթայի մի մաս է կազմում: Կարծում եմ՝ իրավապահները նրան էլ են հասնելու»:
Միաժամանակ իշխող ուժի անդամը կարծիք է հայտնում, որ այս մարդկանց ուղղորդում են այլ երկրից:
Անդրադառնալով իրավապահների Մայր Աթոռ մուտք գործելուն և գործողություններ կատարելուն՝ Ալխաս Ղազարյանը ընդգծում է. «ԱԱԾ-ի տղաները սևազգեստ ահաբեկիչներից ավելի մեծ բարոյականություն ունեին Մայր Աթոռի տարածքում գտնվելու ժամանակ»:
Մեկնաբանելով այն, որ խորհրդարանական ընդդիմությունը պատրաստակամություն է հայտնել կալանավորված Շիրակի թեմի առաջնորդ Գևորգ (Միքայել) Աջապահյանի թեկնածությունը սատարել իմպիչմենտի գործընթացում՝ Ղազարյանը նկատում է՝ Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին հայտարարությունները խոսում են այն մասին, որ ընդդիմությունը ոչնչացված է մինչև քոք մաշած:
Խոսելով ՀԷՑ-ը պետականացնելու մասին՝ վերջինս ասում է՝ հանրությունը հասկանում է, որ ՀԷՑ-ը խլելու որևէ խնդիր չկա, գիտեն՝ իրականում ինչ նպատակ ունի ՀԷՑ-ի ազգայնացնելը:
«Ամբողջ ընդդիմությունը հանդես է գալիս Սամվել Կարապետյանի փաստաբանի դերում, որովհետև փող ունի: Էս մարդիկ ամեն ինչ փողի մեջ են տեսնում»,- ասում է նա:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()