![]()
2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի «դաշնակից» Ռուսաստանը՝ Հայաստանի դեմ վարում է հիբրիդային և քարոզչական պատերազմ, որն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Եթե ռազմական ուժերը Մոսկվան կենտրոնացրել է Ուկրաինայի դեմ, ապա Հայաստանի դեմ՝ Մոսկվան քարոզչական կատաղի պատերազմ է վարում:
Ժամանակակից աշխարհում հիբրիդային, կամ տեղեկատվական պատերազմները բավական հզոր միջոց են, որոնցով փորձ է արվում այլ երկրի հասարակությանը գցել հոգեբանական և տեղեկատվական քաոսի մեջ։
Ռուսական հեռուստաալիքները և դրանց ղեկավարներն ու մեկնաբանները՝ 24/7 ռեժիմով հարձակումներ են իրականացնում Հայաստանի, մասնավորապես Հայաստանի իշխանության վրա։ Ընդ որում, ռուսական «հեռուստաղբամանները» քննադատում են մի իշխանության, որը լեգիտիմ ընտրությունների միջոցով է ձևավորվել, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ 2000 թվականից գործում է «միապետություն»։
Զավեշտն այն է, որ այդ նույն ռուսական հեռուստալիքները, այս օրերին գրեթե ծպտուն չեն հանում Ադրբեջանի մասին, որտեղ վերջին օրերին ուղղակի ստորացնելով «գերի» են վերցնում Ռուսաստանի քաղաքացիներին։ Ռուսական ալիքները Հայաստանի իշխանություններին մեղադրում են այսպես ասած բռնապետական գործողությունների համար, սակայն իրական բռնապետական մեթոդներով հենց Մոսկվան և Բաքուն են ստորացնում միմյանց քաղաքացիներին։
Հայաստանը վերջին տարիներին և այսօր էլ պատմական ծանր ժամանկաշրջան է ապրում։ Հայաստանը փորձում է դուրս գալ վերջին 200 տարվա պատմական ծուղակից և ֆորպոստից դառնալ պետություն, որը կսպասարկի սեփական և ոչ թե այլ կենտրոնների ու երկրների շահերը։ Նպատակը, որին գնում է Հայաստանը, բնականաբար անհանգստացնում է այն երկրներին, որոնք հարյուրամյակներ շարունակ հայ հանրության փոխարեն որոշել են հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների ճակատագիրը, ապագան, որոնք Հայաստանը համարել են իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների հենակետ և ոչ թե պետություն։
Տեղեկատվական տեռորը կարող է էապես խաթարել տվյալ երկրի և հասարակության բնականոն կյանքը՝ երկիրը պահելով վախի, քաոսի և խուճապի մեջ, այն դարձնելով ավելի խոցելի և ավելի թույլ։ Ռուսաստանը հենց այս ճանապարհով է փորձում վնասել Հայաստանին։
Եթե ռազմական բախումների ժամանակ գլխավոր ուժը համարվում է հրետանին, ապա հիբրիդային պատերազմի ժամանակ այդ ուժը մեդիան է։ Ռուսական մեդիան այսօր հրետանու դեր է խաղում։ Այն կրակում է հեռվից և թիրախային հարվածներ է հասցնում Հայաստանի խորքը։ Ինչպես ռազմական բախումների ժամանակ է առաջնային համարվում հրետանու չեզոքացումը, այդպես էլ հբրիդային պատերազմի ժամանակ պետք է չեզոքացվեն այն թիրախները, որոնք «հրետանու» դեր են խաղում։ Ռուսական «հեռուստաաղբամանները» պետք է փակվեն, քանի դեռ դրանց տերերը չեն հասկացել, որ պետք չէ սեփական աղբը ուրիշի տարածք նետել։
![]()