ՀԷՑ-ը խլելը այն կլիներ, որ մեկից վերցնեինք, տայինք մի ուրիշ անհատի. Բադալյան. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը պնդում է, որ անհեթեթություն են այն խոսակցությունները, թե իշխանության նպատակը ՀԷՑ-ը խլելն է:

«Երբ պետությունն ուզում է որևէ բանի կառավարումը վերցնել իր ձեռքը և դարձնել ավելի պարզ և թափանցիկ, որոշ մարդիկ դա ձևակերպում են խլել: ՀԷՑ-ը ժողովրդից վերցվել է և տրվել անհատի, որը միայն շահույթ է ունեցել: Եթե նրանից վերցվեր և տրվեր այլ անհատի, խլելը դա կլիներ»,- ասում է պատգամավորը:

Նրա խոսքով՝ հոսանքի անջատումների, տատանումների հետ կապված արդեն երկու տարի է, ինչ իշխող ուժը բարձրաձայնում է:

Վերջինս նկատում է՝ պատգամավորները ահազանգեր են ստանում քաղաքացիներից հոսանքի տատանումների կամ անջատումների պատճառով տեխնիկաների շարքից դուրս գալու վերաբերյալ:

Անդրադառնալով իրավապահների բացահայտումներին, ըստ որի՝ ահաբեկչություններ են ծրագրվել Հայաստանում՝ Լուսինե Բադալյանն ասում է՝ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա քաղաքակիրթ եղանակով, նման տեսակի պոռթկումները, հանցագործություններն ու խուլիգանությունները անիմաստ են և անտեղի:

Նա միաժամանակ ասում է. «Եկեղեցու ներկայացուցիչը վեղարով ատելություն է քարոզում, մենք հայտնվել ենք սարսափելի հոգեբանական և արժեքների փոփոխության հորձանուտում»:

Մեկնաբանելով Գարեգին Բ-ի հեռացման մասին իշխանության պահանջ-հորդորը՝ Բադալյանը հիշեցնում է, որ կաթողիկոսի փոփոխության պահանջը ժողովուրդը ձևավորել է 2018 թվականին, Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ ասել է, որ Եկեղեցու հարցերին չի խառնվում, դրել է ժողովրդավարության այնպիսի պայմաններ, որ ցանկացած ինստիտուտ, եթե իր ներսում ունի խնդիրներ, ինքնուրույն լուծի. «Եկեղեցին սա գնահատելու և մաքրվելու փոխարեն սկսեց խառնվել քաղաքական հարցերին, տենչում է իշխանափոխություն, որ ՀԱԵ-ի վերնախավի մերձավոր անձինք գան իշխանության»:

Բադալյանը համոզված է՝ Գարեգին Բ-ին հեռացնելու հանրային կոնսենսուս այսօր էլ կա, իսկ ընդդիմությունն անհարկի աղմուկ է բարձրացնում, փորձում քաոս ստեղծել:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ