![]()
«Երկրապահ կամավորական միության» հիմնադիր անդամ, բոլոր պատերազմների մասնակից Արա Խուդավերդյանի խոսքով՝ 2020 թվականից ի վեր պատերազմի դաշտը լքած այս կամ այն պետությունների ծառաները, որոնք երկիրը տանում էին անկման, չկարողացան հասնել իրենց բաղձալի ցանկությանը, այն է՝ Հայաստանում զանգվածային մարդասպանություններ իրականացնել, երկիրը դարձնել ծայրագավառ:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորությամբ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների փորձին, որը իրավապահները կանխեցին:
«Այս ահաբեկչական գործողությունները իրականացվելու էին ազատվելու համար գործող ՀՀ իշխանություններից, որպեսզի կարողանային ոտք մաքրել հայ ժողովրդի վրա։ Սա լավրովյան և պուտինյան պլանն էր, որ ԿԳԲ-ի աջակցությամբ պետք է իրականացվեր հոգևոր բաշիբոզուկների, տեռորիստների, Աստծուց հեռացածների միջոցով։ Նախապատրաստվողի պատասխանատուն էլ ՌԴ-ի առջև պետք է լիներ Գարեգին Բ-ն, գործող անձանց դերերում՝ Քոչարյանը, դաշնակցականներն ու մյուսները։ Իրենց առաջ դրված էր տեռոր կազմակերպելու հրահանգը»,- նկատում է նա։
Խուդավերդյանի խոսքով՝ այս անգամ այս գործողությունների իրականացումը դրված էր հոգևորականների վրա, քանի որ ըստ նրա՝ դրսից Հայաստանը կործանել ցանկացող ուժերին հավատարիմ են մնացել միայն հոգևորականները․ «Նրանք՝ որպես գործակալ, ամենից շատն են կերակրվել դրսից և դրա դիմաց պատրաստ էին կործանել ՀՀ պետականությունը»։
Ինչ վերաբերում է իրավապահների՝ Մայր Աթոռում գործողություններ իրականացնելուն և դրանից հետո ընդդիմադիրների հնչեցրած որակավորումներին, թե Եկեղեցին ենթարկվում է հարձակման, զրուցակիցը նկատում է. «Աջապահյանն իր հայտարարություններով նույնպես համարվում է տեռորիստական ակցիա կազմակերպող, կամ զինվորական հեղաշրջում անող ուժային լիդեր։ Ուստի նա իրավունք չուներ փախչել և պատսպարվել Մայր Աթոռում՝ քաջ գիտակցելով, որ իր հետևից հատուկ ծառայությունները գնալու են։ Նա պետք է դուրս գար և որպես ՀՀ քաղաքացի հայտարարեր՝ «իմ կատարած քայլերի համար ես կգնամ և պատասխան կտամ», սակայն տեսանք, որ դրա փոխարեն հոգևորականները հաշվեհարդարի կոչ էին անում. բա որ այնտեղ հակառակ թևից ազգի որդի լիներ և կրակոց արձակեր Աջապահյանի վրա, սպաներ, ի՞նչ էին անելու։ Նրանք պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ շուրջպար բռնեն՝ Նարեկ ասելով»։
Միևնույն ժամանակ զրուցակիցն ընդգծում է, որ այն, ինչ ծրագրված էր Հայաստանի դեմ, այսքան հեշտ չի ավարտվի։
«ՌԴ-ն չի հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ ժողովուրդը ընտրել ու ընտրելու է իր ղեկավարին առանց Ռուսաստանի «դաբրոյի», կամ Սամվել Կարապետյանի լեքսիկոնով ասած՝ թքած ունենալով ՌԴ կարծիքի վրա։ Ի դեպ, Սամվել Կարապետյանը ևս այս գործողությունների համար էր ուղարկվել Ռուսաստանից. գուցե պետք է աջակցություն ցուցաբերեր տեռորիստի հոգևոր լիդերին թե՛ ֆինանսական առումով, թե՛ ախրանա տրամադրելով։ ՀՀ-ն քանդողը լինելու են անհավատ հոգևոր առաջնորդները և անհավատ գործարարները։ Օլիգարխային վստահություն չկա. այն հոգևոր առաջնորդները, որոնք օֆշորային մեծահարուստներ են Թուրքիայի ոսկու հանքերում, ինչպես վարվեցին Ղարաբաղի հետ, նույն կերպ վարվելու են Հայաստանի հետ. նրանց համար չկա հայրենիք։ Դրա վառ ապացույցն այն էր, որ ինչ-որ հոգևորականի համար ղողանջեցին եկեղեցիների զանգերը, սակայն Ղարաբաղյան կոտորածների համար զանգերը լուռ էին»,- նկատում է նա։
Խուդավերդյանը շեշտում է Գարեգին Բ-ի հեռանալու անհրաժեշտությունը. «Ինձ թվում է՝ վարչապետի վարած ուղին սահմանադրորեն շատ ճիշտ է, զուտ հոգևոր բարոյական նորմերի առջև է կանգնեցրել Կտրիճ Ներսիսյանին։ Վերջինս պետք է իր մեջ հոգևոր ռիսկ վերցնի և հրաժարվի Եկեղեցուց։ Կուսակրոնությունն ընտրվեց նրա համար, որպեսզի չլինի այն, ինչ տիպիկ է մուսուլմանական աշխարհներին՝ պապուց՝ թոռին, թոռից՝ թոռան։ 1989 թվականներին, երբ մենք բացեցինք Կարբիի եկեղեցին, ես խնդրեցի, որ կանչեն Արարատյան թեմի առաջնորդին։ Արարատյան թեմի առաջնորդն այդ ժամանակ Կտրիճ Ներսիսյանն էր, որը իր համախոհներով չներկայացավ։ Երկու տարի եկեղեցու բանալիները մնացին իմ տանը, ու այդպես էլ Կտրիճ Ներսիսյանը չէր գալիս եկեղեցու բանալիները վերցնելու, հիմա ամպագոռգոռ հայտարարություններով կպած է եկեղեցուն»։
![]()