![]()
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հասցրել է հպանցիկ ծանոթանալ ՌԴ գործընկերոջ հայտարարություններին և կարծում է՝ Լավրովը սխալ է հասկացել որոշ գործընթացներ:
«Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ: Եթե չեմ սխալվում, վերջինս օգտագործել է «իշխանության պայքարը Եկեղեցու դեմ» տերմինը: Պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Հայաստանում չկա իշխանությունների պայքար Եկեղեցու դեմ: Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից քաղաքականությանը խառնվելու, քաղաքական գործընթացներին խառնվելու փորձերին: Իրավապահ մարմինները հայտնել են հեղաշրջման փորձ անելու մասին:
Սա իրավական պրոցես է և ՀՀ ներքին գործն է: Պարոն Լավրովը լավ կանի չխառնվի ՀՀ քաղաքականությանը և Հայաստանի ներքին գործերին»,- նշել է Միրզոյանը:
Նա հավելել է, որ նույն խորհուրդը տալիս է նաև ՌԴ մյուս պաշտոնյաներին ու ռուսական լրատվամիջոցներին՝ պետք չէ խառնվել Հայաստանի ներքին գործերին:
Հիշեցնենք՝ Լավրովը ՀԱՊԿ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նշել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, բայց Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առարկա են:
![]()