![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Կտրիճ Ներսիսյանի օրհնությունը ստացած շարժումը, որի անունը դրվել է «Սրբազան», ենթադրվում էր, որ պիտի հոգևոր լիներ, սիրո, հոգատարության, հանդուրժողականության, բայց արի ու տես, որ ծրագրել է մի բան, որը լի էր հակաօրինականությամբ:
Քաղաքագետը նկատում է՝ այս այլանդակությունը օրհնելով՝ ամենամեծ հարվածը Եկեղեցուն հասցնում է Կտրիճ Ներսիսյանը:
«Այն զինանոցը, հատուկ միջոցները, որ հայտնաբերվել են, պատկերը իսկապես սահմռկեցուցիչ է: Ես չգիտեմ՝ ինչ գործընթացի միջով պիտի անցնի Եկեղեցին Կտրիճ Ներսիսյանի անհետաձգելի գահընկեցությունից հետո, որ այս խարանը մաքրվի Եկեղեցու երեսից. ավելի խայտառակ բան չէի կարող պատկերացնել»,- ասում է նա:
Անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե ձայնագրությունները Արհեստական բանականության միջոցով են պատրաստած՝ Սաֆարյանն ընդգծում է՝ փաստաբաններն ընդունել են, որ տարածված ձայնագրություններում իրենց վստահորդներն են խոսում. սրանով հարցը փակվում է:
Կրկին անդրադառնալով Գարեգին Բ-ին՝ վերջինս ասում է. «Ո՞նց կվերաբերվի կաթողիկոսը, եթե իրեն տապալելու համար նման մի խումբ ծրագիր մշակի և վեհարանը հրդեհի, եկեղեցում տեռորիստական ակտ անի: Բա ինչո՞ւ է որոշել, որ իր հոտը, որին իր հոգևորականը անվանում է անասուն, պիտի ողջունի տեռորը, երկրի գլխատումը և իշխանության զավթումը»:
Մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Բ-ի հանդիպումը՝ քաղաքագետը նկատում է՝ հաղորդագրության մեջ հատուկ է դրվել, թե ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը Սամվել Կարապետյանի մասին. «Կարծում եք՝ սա պատահակա՞ն է: Կարծում եք՝ Տեր-Պետրոսյանը ձրի ծառայություննե՞ր է մատուցում: Տեր-Պետրոսյանին և Կտրիճ Ներսիսյանին շատ բան է կապում այն երկրի հետ, որտեղից եկել է Սամվել Կարապետյանը, անձնապես՝ նաև Կարապետյանի փողերը»:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Լևոն-Տեր Պետրոսյանն ուներ Հայաստան-Սփյուռք հստակ օրակարգ. Հայաստանը չի խառնվում Սփյուռքի գործերին, Սփյուռքն էլ՝ Հայաստանի, այժմ պարզվում է, որ նա անմեղ բան է համարում Սամվել Կարապետյանի ՀՀ-ի ներքին կյանքին խառնվելը:
«Անամոթաբար Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պաշտպանում են ահաբեկչությունը: Սա նշանակում է, որ երեք նախկին նախագահները տեռորիստի հոգեբանություն են ունեցել: Այսպես էլ կառավարել են՝ պատանդ պահելով ժողովրդին»:
Խոսելով այն մասին, թե ինչպես կհանգուցալուծվի այս իրավիճակը՝ զրուցակիցը նշում է. «Կտրիճ Ներսիսյանը պարտվել է, նա այլևս կաթողիկոս չէ, պերսոնա նոն գրատա է: Նա պետք է զրկվի բոլոր պետական արարողակարգային միջոցառումներից՝ այդպես ավարտելով իր անփառունակ գահակալությունը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:
![]()