![]()
Խորհրդարանական ընդդիմությունը, որը օրակարգի բացակայության խնդիր ունի, պարբերաբար այդ բացը փորձում է լրացնել իշխանության հասցեին ուղղված կեղծ ու անհիմն մեղադրանքներով, թեզերով և խոսույթով, ինչը փաթեթավորում է «հայրենասիրություն, ազգապահպանություն, փրկություն» բառերով:
Տևական ժամանակ է՝ ընդդիմադիր շրջանակները թմբկահարում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները յուրացնելու մասին, այն պարագայում, երբ դեռևս 2022 թվականին նույն ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծվել էր Համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը ղեկավարում էր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Այս մասին Կառավարության վերջին նիստի ժամանակ խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հորդորեց հանձնաժողովի նախագահին պատասխան տալ՝ ինչ եզրակացություն ունեն։
«Հայկական ժամանակ»-ը հարցի առնչությամբ կապ է հաստատել Արծվիկ Մինասյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչ արդյունք ունի հանձնաժողովը:
Մինասյանը, լսելով հարցը, մեղադրանքների սլաքը, ինչպես սպասելի էր, ուղղեց իշխանության կողմը՝ հայտարարելով, թե Կառավարությունն ամեն ջանք գործադրել է, որպեսզի Հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտվեն: Ճշտող հարցին՝ ինչպես է խոչընդոտել, կարո՞ղ է օրինակներ բերել, վերջինս ասաց, որ չի տրամադրվել պատշաճ տեղեկատվություն:
Մյուս հարցին, թե այդ դեպքում Հանձնաժողովն ինչու չի շարունակում իր աշխատանքները, և ինչու չի հրապարակվել որևէ եզրակացություն, նա արձագանքեց. «Եթե հիշում եք, ցանկացած հիմնադրամի վերաբերյալ տեղեկատվություն, որը կապված էր պատերազմի ժամանակ հիմնադրամի գործունեության հետ, ուղիղ թիրախավորում էր Ադրբեջանը: Հետևաբար ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, այս պետության շահը, սփյուռքի ներկայացուցիչների շահերի պաշտպանությունը վեր դասելով, աշխատել եմ որևէ նման տեղեկատվություն հրապարակային քննարկման առարկա չդարձնել»:
Մինասյանը նաև նշեց, որ հարցերը լրացուցիչ ուսումնասիրության կենթարկվեն այն ժամանակ, երբ այսօրվա քաղաքական մեծամասնությունը չլինի քաղաքական մեծամասնություն, քանի որ միայն այդ ժամանակ է հնարավոր օբյեկտիվ քննություն տեղի ունենա:
Դիտարկմանը՝ սովորությո՞ւն է դարձել, որ ընդդիմությունը բոլոր ձախողումների դեպքում ասում է՝ դե իշխող ուժը մեծամասնություն է, Մինասյանը չարձագանքեց:
Մյուս հարցին, թե ինքն էլ, ինչպես Ռոբերտ Քոչարյանը, մտածո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանը այս երկրի ամենահարուստ մարդն է և անգամ «վիրավորված է», ինչպես Քոչարյանն է ասել՝ «даже обидно», Մինասյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ կասկածները ներկայացվել են, այդ կասկածները փարատված չեն, անհրաժեշտ է օբյեկտիվ քննություն, ինչը այս իշխանության պարագայում ուղղակի անհնար է»:
Հարցին՝ ստացվում է՝ ինքը նեղսրտո՞ւմ է, որ այդ 100 միլիոնը մտել է պետական բյուջե, ոչ թե ինչ-որ մեկի գրպանը, կամ արդյոք նույն Ռոբերտ Քոչարյանի հարստության մասով հարց չի՞ առաջանում, որը, ըստ Գլխավոր դատախազության, ապօրինի է, որտեղի՞ց է այն դիզել, Մինասյանը չպատասխանեց և շրջանցելով հարցը՝ սկսեց նույնը կրկնել, թե որևէ այլընտրանքային ուղղվածության ծախս չի ներկայացվել, և ինքն արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները որևէ առնչություն չունեն պետական շահերի հետ:
Դիտարկմանը՝ իսկ իրենց հայտարարություններն ունե՞ն, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, որ Հայաստանը տեսնում է միութենական կազմում, կամ, օրինակ, պատերազմը հրահրել է հայկական կողմը կամ հայ ժողովուրդը, Մինասյանն այդպես էլ չպատասխանեց և հեռախոսն անջատեց:
![]()