![]()
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը և կոչ է արել կասեցնել իրավիճակի հետագա սրացումը:
«Խորապես մտահոգված եմ վերջին իրադարձություններով, մասնավորապես՝ այսօր վաղ առավոտյան Իրանի վրա միակողմանի հարձակմամբ։
Այս գործողությունը տեղի է ունեցել միջուկային բանակցությունների միջև ընկած ժամանակահատվածում և խաթարում է համաշխարհային ու տարածաշրջանային խաղաղության ջանքերը։
Հայաստանը դատապարտում է այս հարձակումը և անհապաղ ապաէսկալացիայի ու իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Ալեն Սիմոնյանը։
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին և սկսել է ռազմական գործողություն։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։
ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգը» կանխելու համար: Օդային և թիրախային հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին:
Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին զգուշացրել է Իրանի տարածքին հարվածներից հետո «դառը և ցավալի» հետևանքների մասին։
Խամենեին հայտարարել է, որ կատարյալ ազատություն է տալիս զինվորականներին:
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանին Իսրայելի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, ավերվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, միջուկային գիտնական, «Իսլամական ազատ համալսարանի» նախագահ Մոհամմադ-Մեհդի Թեհրանչին և «Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության» նախկին ղեկավար, միջուկային գիտնական Ֆերեյդուն Աբբասին։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին՝ հայտարարելով Իրանի դեմ գործողության մասին և նշելով, որ պատասխան հարվածներ կլինենև պետք է պատրաստ լինել երկար ժամանակ մնալ ապաստարաններում:
![]()