![]()
«Վարչապետը հայտարարել է, որ ձևավորվում է աշխատանքային խումբ, որը որոշակի գործառույթներ կիրականացնի. այդ խմբի աշխատանքը բացառապես լինելու է ՀՀ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում: Խնդրում եմ՝ այդ մասով կասկած չունենաք»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ձևավորել համակարգող խորհուրդ՝ կաթողիկոսական նոր ընտրության օրակարգի կազմակերպչական հարցերի համար:
Հարցին՝ վարչապետի առաջարկը չի՞ հակասում Սահմանադրությանը, նախարարը պատասխանել է, որ իրենց այն բոլոր գործողությունները, որոնք վերջին 7 տարվա ընթացքում եղել են, ՀՀ գործող օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում են եղել:
«Ես ինքս բացառում եմ այդպիսի իրավիճակ, որ գնանք օրենքին, Սահմանադրությանը, նաև բարոյականությանը հակառակ»,- հայտարարել է նախարարը և հավելել, որ քանի դեռ աշխատանքային խումբն իր օրակարգը չի ձևավորել, ավելին ասել չի կարող:
Խուդաթյանը նաև չի բացառել հոգևորականների ընդգրկումը նշված խորհրդում:
![]()