Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է Շիրակի մարզի Գտաշենի միջնակարգ դպրոցը, Հողմիկի միջնակարգ դպրոցը և Ջրաձորի միջնակարգ դպրոցը միացնել Արեգնադեմի միջնակարգ դպրոցին։
Նշվում է, որ նպատակն է՝
ապահովել սովորողների կրթություն ստանալու հնարավորությունը՝ 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի հանրակրթական հիմնական ծրագրերի ուսուցումը նորակառույց ուսումնական շենքում կազմակերպելու միջոցով,
բարձրացնել ուսման որակը՝ դպրոցն համալրելով արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով,
ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:
«Միաձուլման արդյունքում 2025-2026 ուսումնական տարվանից սկսած սովորողների համար հասանելի կլինեն առավել նպաստավոր պայմաններ, նորակառույց շենքն ամբողջությամբ՝ իր բոլոր հնարավորություններով, կծառայի ուսումնական հաստատության սովորողների կրթական կարիքների բավարարմանը։
Այս առումով լրացուցիչ անհրաժեշտություն կա նշելու, որ Արեգնադեմի միջնակարգ դպրոցը մինչև նոր դպրոցական շենքի կառուցումը գործել է համայնքային ենթակայության ոչ տիպային քարաշեն կառույցում, որի օգտագործման վերաբերյալ տեղական ինքնկառավարման մարմինների հետ կնքված համապատասխան պայմանագիր առկա չէ»,-ասված է հիմնավորման մեջ։
Նախագիծը մշակվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից և հանրային քննարկման է ներկայացվել այսօր՝ հունիսի 10-ին։