Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքը» ստեղծելու փորձը. Խամենեիի օգնական

Իրանը կանխել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, ինչը, ըստ պաշտոնական Թեհրանի, կարող էր հանգեցնել դեպի Եվրոպա իրանական ճանապարհի արգելափակման։

Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

Նրա խոսքով, Նախիջևանը Ադրբեջանին կապող Հայաստանի տարածքով միջանցքի նախագիծը «տարածաշրջանը մասնատելու» փորձ էր և նպատակ ուներ Իրանին դուրս մղել Հարավային Կովկասի տրանսպորտային և աշխարհաքաղաքական սխեմաներից։

«Երբ որոշ երկրներ ցանկացան մեզ կտրել Եվրոպայից՝ միջանցք ստեղծելու պատրվակով, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ընդգծել է Վելայաթին։

Նա հավելել է, որ նույնիսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ միջանցքը գրեթե պատրաստ է գործարկման, սակայն Իրանի վճռական գործողություններն են խանգարել նախագծի ավարտին։

Ըստ Վելայաթի՝ Իրանի հմուտ և ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն ազգային շահերի պաշտպանություն է, այլև ամուր պատնեշ՝ տարածաշրջանի գործերին արտաքին ուժերի միջամտության դեմ։

Վելայաթին նշել է, որ Իրանին հաջողվել է պաշտպանել իր շահերը առանց Ռուսաստանի օգնության՝ օգտագործելով «խելամիտ դիվանագիտություն», այդպիսով կանխել ՆԱՏՕ-ի ներթափանցումը տարածաշրջան։ Նա ընդգծել է, որ նախագծի իրական նպատակը ոչ միայն Իրանին դուրս մղելն էր, այլև հարավից Ռուսաստանը աշխարհաքաղաքականորեն շրջապատելը, և այս ծրագիրը նույնպես ձախողվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ