Ինձ ավելի շատ հուզում է, թե ում է ծառայում Գարեգին Բ-ն․ Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Ինձ՝ ինչպես բազմաթիվ քաղաքացիների, բացարձակապես չի հետաքրքրում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ունի՞ երեխա, խախտե՞լ է կուսակրոնության ուխտը, թե՞ ոչ։ Այդ հարցերը վտանգավոր կերպով շեղում են ուշադրությունը միակ կարևոր հարցից՝ ո՞ւմ է իրականում ծառայում Գարեգին Բ-ն, ոչ թե Հայ առաքելական եկեղեցին, ոչ թե Մայր աթոռ Սբ․ Էջմիածինը, ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոսությունը, այլ Գարեգին Բ-ն։
2000-ին Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալումից ի վեր, Գարեգին Բ-ի գործունեության ամբողջ պատմությունը արձանագրում է՝ նա եղել է քաղաքական շահերի սպասարկու, մի համակարգի անքակտելի մաս, որն իր հովանու ներքո վարկաբեկել է հանրային բարոյականությունը, քանդել է պետությունը, զավթել է արդարադատությունը և թշնամաբար հակադրվել ինքնիշխան Հայաստանի հիմքերին։

Գարեգին Բ-ն մասնակցել է պետության բռնազավթմանը՝ հոկտեմբերի 27-ից հետո սկսած Ռոբերտ Քոչարյանի պաշտոնամուտից մինչև Սերժ Սարգսյանի երկարաձիգ կառավարման ավարտը։ Նրա լռությունը ամենամեծ աղմուկն է եղել մեր քաղաքական պատմության ընթացքում։ Երբ հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում խորանում էր համակարգային ճգնաժամը, երբ քաղցքեղային մետաստազներով սկսեց ձևավորվել քրեաօլիգարխիկ իշխանական համակարգը, երբ սեփականությունները խլվում էին, դատարանները ծառայում էին իշխանությանը, հարյուրավոր քաղաքական ընդդիմախոսներ էին ազատազրկվում, իսկ փողոցներում խաղաղ ցուցարարներ էին սպանվում՝ Գարեգին Բ-ն լռում էր։
2008 թվականի Մարտի 1-ին, երբ սպանվեցին տասը խաղաղ ցուցարարներ, երբ հրապարակներում արյուն էր հոսում, երբ քաղաքական հետապնդումները դարձել էին համակարգային գործելակերպ՝ Գարեգին Բ-ն կրկին լռում էր. նա նստած էր հենց այն սեղանների շուրջ, որտեղ պլանավորվում ու արդարացվում էր պետական բռնությունն ու ժողովրդի դեմ ոտնձգությունը։
Նույն կեցվածքը շարունակվեց նաև Սերժ Սարգսյանի օրոք։ Նոր Սահմանադրություն, անօրինական վերարտադրություն, երկիրը արտաքին կախվածության հասցնող ուղեգիծ՝ եկեղեցին չդիմադրեց։ Ոչ մի խոսք՝ կոռուպցիայի, թալանի, պետական նվաստացման մասին։ Ոչ մի խոսք՝ ժողովրդավարության, արդարության կամ ազգային, պետական շահի մասին։
Այս ամենի ֆոնին առավել բացահայտ դարձավ եկեղեցու ծառայությունը օտար օրակարգերին։ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո, երբ հստակ էր Ռուսաստանի վնասաբեր դերակատարումը, երբ ազգային անվտանգությունը կազմաքանդվում էր Ռուսաստանի ցուցումով՝ Գարեգին Բ-ն դարձյալ լռեց։

Այսօր էլ Գարեգին Բ-ն շարունակում է կանգնած մնալ անձամբ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողքին, նախկինների՝ հանցավոր ռեժիմի մնացորդների, ռուսամետ գործակալների, սադրիչների և պետականության թշնամիների կողքին։ Նա մնում է նույն տեղում՝ քաղաքական անցյալում, պետություն կործանած համակարգի մեջ։
Երբ հոգևոր կառույցը դադարում է լինել բարոյական խարիսխ և վերածվում է քաղաքական շահի գործիքի, այն կորցնում է հավատի և վստահության ամեն մի հատիկը։ Այս իրավիճակում մենք այլևս չենք կարող խոսել միայն անձի մասին։ Այստեղ խոսքը կառույցի, ինստիտուտի և դրա դերակատարության մասին է։ Հայ Առաքելական Եկեղեցին ներկայիս վիճակով և ղեկավարությամբ դարձել է պետության բռնազավթման համակարգային օղակներից մեկը։

Ուստի պահանջը հստակ է. եկեղեցին՝ որպես նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմների լեգիտիմացման և պահպանման գործոն, պետք է ենթարկվի իրավաքաղաքական գնահատականի՝ ոչ պակաս, քան դատական համակարգը, ուժային գերատեսչությունները կամ նախկին կուսակցական վերնախավը։
Իսկ եթե եկեղեցին իրապես փափագում է վերագտնել իր տեղն այս ժողովրդի հոգևոր և բարոյական կյանքում, պետք է ոչ թե ձևացնի ապաքաղաքական, այլ համարձակվի լինել ազնիվ։ Պետք է ոչ թե շարունակաբար լռի, այլ բարձրաձայնի ճշմարտությունը։ Պետք է ոչ թե հավասարեցնի զոհին ու հանցագործին, այլ հստակ մատնանշի մեղքը՝ անունով ու պատասխանով։ Մինչ այդ՝ նրա յուրաքանչյուր քարոզ, յուրաքանչյուր օրհնություն, յուրաքանչյուր լռություն կընկալվի ոչ թե որպես հավատքի դրսևորում, այլ որպես հանցավոր կաշկանդվածության արտահայտություն։ Եվ եթե Հայ Առաքելական Եկեղեցին չկարողանա ընտրել իր տեղը՝ ժողովրդի կողքի՞ն է, թե նրա դեմ՝ պատմությունն ինքը կկատարի այդ ընտրությունը։ Անշեղորեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ