Տարիներ առաջ «Վիկիլիքս»-ի սկանդալային բացահայտումների շարքում անդրադարձ կար նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Ըստ կայքի՝ 2005թ. ապրիլի 1-ին Հայաստանում ամերիկյան դեսպանատունը նամակ է հղել Պետքարտուղարությանը, որտեղ ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունը Հայաստան: Փաստաթղթից պարզ է դառնում, որ այդ այցելությունը գրեթե ոչնչով աչքի չի ընկել: Ուշագրավ է եղել Պուտինի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս հանդիպման ժամանակ, որին, բացի Պուտինից, ներկա են եղել նաև Գարեգին Բ-ի երկու օգնականները, Պուտինը զարմացրել է Կաթողիկոսին՝ կոչ անելով նրան ճնշումներ գործադրել Հայաստանի կառավարության վրա (վարչապետ Մարգարյանի և Երևանի քաղաքապետարանի), որպեսզի նրանք հողհատկացում կատարեն Երևանում Ռուս ուղղափառ եկեղեցի կառուցելու համար: Կաթողիկոսի օգնականը ամերիկացի դիվանագետներին պատմել է, որ Պուտինը այս պահանջը ներկայացրել է որպես «ամենանվազագույնը, ինչ Հայաստանը կարող է անել Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում հայկական մեծ բնակչության նկատմամբ լավ վերաբերմունքի դիմաց»: Թե ինչ արձագանք է հնչել Գարեգին Բ-ի կողմից՝ այս մասին տեղեկություն հրապարակված չէ։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը Ամենայն Հայոց կաթողիկոսին 2022 թվականի նոյեմբերին պարգևատրել է Պատվո շքանշանով։ Շքանշանը շնորհվել է Գարեգին Բ-ին ՌԴ-ի և Հայաստանի միջև մշակութային և հումանիտար ոլորտների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ 2023 թվականի հունվարին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին հանձնեց Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը։
Գարեգին Երկրորդը շնորհակալություն էր հայտնել Վլադիմիր Պուտինին ուշադրության և գնահատանքի համար։ «Մեր ժողովուրդներն ունեն դարավոր բարեկամության հարուստ պատմություն, որը կոփվել ու թրծվել է համատեղ կրած նեղություններով ու դժվարություններով և բազում հաղթանակներով։ Մեր ժողովուրդների եղբայրությունը ամրորեն հաստատված է քրիստոնեական մեր հավատքի ու դավանած ընդհանուր արժեքների վրա»,- ասել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նկատենք՝ երբ այս տարի մայիսի 9-ին «Հաղթանակ» զբուսայգում լրագրողներից մեկը փորձեց ճշտել՝ ինչու է ՌԴ նախագահն իրեն մեդալով պարգևատրել, Գարեգին Բ-ն անպատասխան թողեց հարցը։
Հիշեցնենք՝ 2017 թվականին տեղի ունեցավ Երևանում կառուցված ուղղափառ եկեղեցու օծման արարողությունը, որին ներկա էին ՀՀ պետական գործիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ, ռուսական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներ։ Մամուլում գրվեց, որ եկեղեցին կառուցվել է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի ֆինանսավորմամբ։
Երևանի Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին կառուցվել է Ծովակալ Իսակովի պողոտայի հարևանությամբ:
Հ. Մ.