![]()
«Իմ Քայլը» հիմնադրամի և «Սիչուանի կանանց ֆեդերացիայի» հաջող համագործակցության շնորհիվ, հիմնադրամի` «Հաջողակից` սկսնակին» ծրագրի շահառու 13 կանայք և աշխատակազմի 3 անդամներ մեկնում են Չինաստան՝ Սիչուան նահանգ` վերապատրաստման և փորձի փոխանակման հետաքրքիր ծրագրով:
Այս մասին հայտնում են հիմնադրամից:
![]()
«Հայտնի լինելով որպես «Առատության երկիր»` Սիչուան նահանգը արևմտյան Չինաստանի առանցքային զարգացման կենտրոններից մեկն է և ունի եզակի ուժեղ կողմեր կանանց զարգացման նախաձեռնությունների ոլորտում։
![]()
Այսօր` թռիչքից առաջ, պատվիրակության անդամները հիմնադրամում էին, որտեղ փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը հաջողություն մաղթեց մասնակիցներին` հորդորելով վերցնել առավելագույնը այս այցից և աշխատել կիրառել ձեռք բերված մեծ փորձառությունն իրենց բիզնեսներում: Նա` «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի անունից, խորհուրդ տվեց շահառուներին լինել բաց նոր հնարավորությունների և գիտելիքների առջև, շարունակ կրթվել ու ինքնազարգանալ, իսկ այս բացառիկ այցը դիտարկել` որպես ինքնակրթվելու, նոր, հարուստ պատմությամբ ու մշակույթով երկրի հետ ծանոթանալու հնարավորություն:
![]()
«Հաջողակից` սկսնակին» ծրագրից պատվիրակության մեջ ընդգրկվել են այն կանայք, ովքեր զբաղվում են տարբեր արտադրություններով` թեյ, սնունդ, հրուշակեղեն, ինչպես նաև ձեռագործ տարբեր աշխատանքներով:
![]()
Մասնակիցները շատ ոգևորված էին: Նրանք շնորհակալություն հայտնեցին հիմնադրամին ընձեռած հնարավորության համար և պատրաստակամություն հայտնեցին, վերադարձից հետո իրենց գործընկերների հետ կիսվել ստացված փորձով, գիտելիքներով ու տպավորություններով:
Հետևեք էջին առաջիկա նորությունները բաց չթողնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()
![]()