2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Ինչպես հայտնել էինք՝ մայիսի 24-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ Մարմարիկում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է Տիգրանի դին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։ Կիրառվել են անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատում են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները:

Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ