![]()
Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջը, և շատ կարևոր է նկատի ունենալ, որ բոլոր հոդվածները, ըստ էության, Սահմանադրության մեջ նոր են, որովհետև մենք խոսում էինք ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սուրեն Հովհաննիսյանի հարցին։
«Իհարկե, սա չի նշանակում, որ Սահմանադրության մեջ տեղ չեն գտնելու եվրոպական հիմնարար իրավունքների հետ կապված կարգավորումները և այն կարգավորումները, որոնք վերաբերում են մեր պետության կառավարման կարգին, իշխանության թևերի տարանջատմանը, հավասարակշռմանը և նաև պետական այն մարմիններին, որոնք պետք է ունենան սահմանադրական կարգավիճակ։
Կարծում եմ՝ տեքստի մասին մանրամասն խոսել այս պահին, քանի դեռ տեքստը հրապարակված չէ, այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետև գուցե առանց տեքստն ունենալու մարդկանց մոտ տարընկալումներ առաջանան։ Ես առաջարկում եմ սպասել տեքստի հրապարակմանը և հետո ունենալ շատ երկար և բովանդակալից, բովանդակային քննարկումներ»,– նշեց նախարարը։
Անդրադառնալով նոր Սահմանադրության վերաբերյալ ընդդիմության արձագանքին՝ նա ասաց. «Ես չեմ հասկանում՝ եթե դեմ են քվեարկելու, շատ լավ, դա իրենց իրավունքն է։ Այդ դեպքում ի՞նչ կարիք կա այսքան խոսելու դրա մասին։ Մի՛ խոսեք դրա մասին։ Կամ, լավ, ձեր իրավունքն է նաև խոսելը դրա մասին, բայց ուզում եմ մի բան ասել. պարոն վարչապետն անընդհատ հարց է ձեզ ուղղում, հարգելի՛ ընդդիմություն, բայց դուք չեք պատասխանում կամ չեք ուզում պատասխանել։
Հիմա Ղարաբաղյան շարժումը սկսելուն կո՞ղմ եք, թե՞ դեմ եք, որովհետև եթե քննարկման առարկան լինելու է Անկախության հռչակագիրը հանելու կամ չհանելու հարցը, առաջինն այդ հարցին պետք է պատասխանեք։
Եթե ասում եք՝ չէ, չենք սկսելու, դեմ ենք, այդ դեպքում ես ձեզ հարց ունեմ՝ ինչո՞ւ եք ուզում, որ Անկախության հռչակագրի հղումը մնա, սիրելի՛ ընդդիմություն։
Այդ Անկախության հռչակագրում նշված է ԼՂ-ի և Հայաստանի միավորման հետ կապված այդ նախադասությունը։ Եթե դուք որպես նպատակադրում դա չունեք, ի՞նչ խնդիր կա, եթե Անկախության հռչակագիրը չնշվի, բայց միևնույն ժամանակ Սահմանադրության նախագծում նշվի, որ ՀՀ-ն ինքնիշխան, անկախ պետություն է և ունի պետությանը հարիր բոլոր ատրիբուտները»,– ասաց Սրբուհի Գալյանը։
![]()