![]()
Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ազիզ Նասիրզադեն Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։
Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ նշելով, որ Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարը վստահեցրել է՝ Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանի նկատմամբ՝ այն անվանելով երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցման ուղի:
Բրիգադի գեներալ Նասիրզադեն ընդգծել է երկու երկրի միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և նշել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։
Նրա գնահատմամբ՝ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները կառուցված են ամուր պատմական և մշակութային հիմքերի վրա, և Կովկասում երկարատև խաղաղությունը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար։
Ինչպես հայտնել էինք, պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն։
Նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր։
![]()