![]()
Թեհրանում անցկացված Միջազգային երկխոսության համաժողովում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի մասին: Նա հայտարարել է, որ նման նախագիծ և անգամ նման քննարկում չկա։
Irna իրանական լրատվական գործակալությունը մեջբերում է Գրիգորյանի խոսքերը, համաձայն որոնց՝ Հայաստանը երբեք չի օգտագործել միջանցք տերմինը, և նման ձևակերպում չկա քննարկումների օրակարգում։
«Անկեղծ ասած, որևէ միջանցքի մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում։ Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան և նպաստել զարգացմանը»,-ասել է Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ այն գնահատելով որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր։ Բացի այդ, ԱԽ քարտուղարի վստահեցմամբ, այս հայեցակարգը կամրապնդի խաղաղության ջանքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
![]()