![]()
«Էստոնիայում ոչ մի բան չեն պարտադրում քաղաքացիներին: 2002 թվականից նույնականցման քարտ ունենալն Էստոնիայում պարտադիր է: 23 տարի առաջ Էստոնիայում արդեն ID քարտը պարտադիր էր, այսինքն, եթե դու չունես ID քարտ, ոչ մի գործարք չես կարող անել»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ Էստոնիայում համընդհանուր հայտարարագիրը պարտադիր է բոլորի համար. «Այնտեղ հիմա էլ կա հնարավորություն՝ եթե թվային չեն ուզում, ներկայացնում են նաև թղթային տարբերակով, բայց քաղաքացիների 98 տոկոսը ներկայացնում է թվային տարբերակով, գուցե նաև այն պատճառով, որ հայտարարագիր ներկայացնելու ժամկետը փետրվարն է, իսկ փետրվարին ցուրտ է, թվային տարբերակով ներկայացնելու համար պետք է դուրս գալ, ինչ-որ գործողություն անել: Մենք նաև խոսում էինք թվային որոշ պլատֆորմերի գործարկման մասին, մեզ ներկայացվեց, որ դրանցից մեկի գործարկման առաջին շրջանում ընդամենը 600 օգտատեր էր օգտվում դրանից, հիմա օգտվում է ամբողջ բնակչությունը»:
Փաշինյանն ընդգծեց, որ բոլորը պետք է ունենան ID քարտեր. «Քանի դեռ բոլոր քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի լինելու, թվայնացման անկյունաքարն ID քարտն է: Եթե քաղաքացիների շոշափելի տոկոսը չունի ID քարտ, երկրում թվայնացումը հնարավոր չէ, թվայնացում կարող ենք ունենալ, բայց ռամկի մեջ դնենք, պատից կախենք, ասենք՝ մենք թվայնացում ունենք»:
![]()