![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ առաջիկա օրերին սպասվում է մեծ ծավալի կեղծ լուրերի՝ ֆեյքերի տարափ:
«Ֆեյքերի մեքենան միացված է, և Ազգային ժողովի ու Երևանի ավագանու ընդդիմադիրներն ապակայունացման մասովկան են: Ագիտպրոպի աշխատանքի ամենավառ օրինակն Ազգային ժողովի քաշքշուկի մեդիաուղեկցումն էր, որը ներկայացվեց իբրև բախում Ցեղասպանության քրեականացման թեմայով քննարկման ժամանակ, որը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում:
Զարմանալի «զուգադիպությամբ» այդ մասին գրեց Բագրատ Գալստյանին աջակցող տելեգրամ ալիքը, շարունակեց 5-րդ ալիքը, միացավ ռուսական պետական Ռիա-Նովոստի-ն և, իհարկե, «Ազատություն» ռադիոկայանը: Սուտը տարածելուն օգնեց դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Մի ուշագրավ «լուր» էլ գնաց ռուսական մեդիադաշտում: Աշտարակի խճուղին փակվել էր մի քանի րոպեով: Ռուսական ազդեցիկ Գազետա.ռու-ն վերնագիր դրեց՝ «Հայաստանի քաղաքացիները սկսել են բողոքի ակցիաներ»:
Այս ամենը հուշում է, որ առաջիկա օրերին մեծ քանակությամբ ֆեյքերի ենք ականատես լինելու: Խնդրում եմ, որևէ վերնագիր տեսնելիս ստուգել տեղեկատվության իսկությունը, նոր հավատալ դրան:
Կոչ եմ անում նաև առավելագույնս տարածել այսօրինակ գրառումները, ինչը թույլ կտա զերծ պահել մեր քաղաքացիներին ավելորդ լարվածությունից:
Ցավոք, հիբրիդային պատերազմները շատ երկրների համար դարձել են լուրջ, բայց հաղթահարելի խնդիր»,- գրել է Հարությունյանը:
![]()