Գյումրիում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով գողացված ավտոքարշակը

Ապրիլի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա Բաբկեն Մ․-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Արարատյան փողոցի 76 հասցեի մոտից գողացել են իրեն պատկանող ռուսական համարանիշներով «Գազել» մակնիշի ավտոքարշակը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տուժածը հարազատների ու ընկերների հետ 2 օր փորձել է իր կապերով գտնել ավտոմեքենան, մի քանի անգամ այցելել է Էրեբունի վարչական շրջանում հայտնի ավտոշուկա:

Շենգավիթի ոստիկանները 2 օր իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ տեղեկություն են ստացել, որ ավտոմեքենան գողացել է Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Ս․-ն։ Օպերատիվ տեղեկություններով նաև պարզվել է, որ հնարավոր է նա ավտոմեքենան տեղափոխել է Գյումրի, որտեղից էլ Բավրայի անցակետով փորձելու է գողոնով հատել ՀՀ սահմանը։

Իրավապահները Գյումրու Տեր-Գաբրիելյան փողոցում հայտնաբերել են նշված ավտոմեքենան և տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Վլադիմիր Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոմեքենայի հայտնաբերման փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ