ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «London Times» անվանումով կայքի՝ «Արևմտյան դեղագործական ընկերությունները փորձարկում են թունավոր ռազմական կարգի ստերոիդներ հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա» վերնագրով հոդվածին:
«Հիբրիդային հարձակումները «պոզով-պոչով» չեն լինում:
Մի քանի օր առաջ էինք խոսել, որ հիբրիդային հարձակումները ԱԺ ընտրություններին ընդառաջ գնալով շատանալու են և ահա եկավ հերթականը մի անհայտ ռուսական ֆոնդից, որն իբր պայքարում է բռնաճնշումների դեմ:
Առնվազն ինձ համար ակնհայտ է, որ նման հրապարակումները առանց պետական աջակցության և միջամտության հնարավոր չեն և լավ տեղավորվում են «ամերիկյան բիոլաբորատորիաների» տեղեկատվական սոուսի տակ և տարածվում են նույն խավարասեր կամ խավարամիտ շրջանակների կողմից մեր երկրում` նպաստելով այդ հիբրիդային հարձակումներին:
Հ.Գ. բովանդակությանը այնքան անլուրջ է, որ չեմ էլ ուզում անդրադառնալ»,- գրում է պատգամավորը:
Ավելի վաղ հրապարակմանն անդրադարձել էր վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնելով թեման նշել է, որ «London Times»-ը իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել՝ «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին: