![]()
«Առաջնային կարևորության մեսիջը նոր Սահմանադրության ընդունման անոնսավորումն էր, որն իրականում սպասված իրադարձություն էր դեռևս 2018-19 թվականներից սկսած, երբ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով գործընթացն անընդհատ հետաձգվում էր»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի գաղափարախոսության վերաբերյալ ուղերձին՝ ասաց իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը:
Խալաթյանի խոսքով՝ 2018 թվականի քաղաքական վերափոխումներն առանց նոր Սահմանադրության ընդունման՝ իրենց բնույթով կիսատ են. «Սահմանադրությունն է ամբողջացնում ժողովրդավարական սահմանադրական կարգի վերահաստատման գործընթացը՝ հաշվի առնելով, որ մեր Սահմանադրությունը լեգիտիմության լուրջ խնդիրներ ունի: Երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ Սահմանադրությունը ժողովուրդն իր սեփականը չի համարում, դա առաջացնում է լրջագույն ինստիտուցիոնալ, քաղաքական և բարոյահոգեբանական խզվածք և, ընդհանուր առմամբ, պետության վերակայացման հարցում կիսատության զգացում է առաջացնում: Սա նաև կարող է բերել պրակտիկ քաղաքական բացասական հետևանքների, հետևաբար ուրախ եմ, որ նոր Սահմանադրության ընդունման գործընթացին կարծես ավելի առարկայական բնույթ է տրվում»:
Խոսելով այն հայտարարությունների մասին, թե այս հայտարարությամբ ՀՀ-ն կատարում է Ալիևի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ պահանջը՝ Արտաշես Խալաթյանն ասաց. «Մեր հանրային դիսկուրսի շատ վատ, խոցելի կողմերից մեկն այն է, որ մենք Ալիևի մտքերը դարձնում ենք ներքաղաքական օրակարգի համար մեկ թեման և դրանով թուլացնում ենք մեր պետական, ազգային իմունիտետը և Ալիևին թույլ ենք տալիս օդից ընկած նոր հիբրիդային գործիքն օգտագործել մեր դեմ: Փաստորեն առանց որևէ ջանք թափելու նա կարողանում է ներազդել Հայաստանում քաղաքական դիսկուրսի վեկտորի և ներքաղաքական վիճակի վրա, դա ցույց է տալիս որոշ փորձագետների և քաղաքական գործիչների կամա թե ակամա ուղղորդված լինելն այդ մեսիջներով, ինչը լուրջ մտորումների տեղիք է տալիս: Այստեղ ես որևէ զուգահեռ անկացնելու հիմք չեմ տեսնում, որովհետև ՍԴ-ն իր որոշմամբ ընդհանրապես փակել է Սահմանադրության նախաբանի, վերջինիս իրավական և քաղաքական նշանակության, Անկախության հռչակագրի հետ փոխադարձ կապի հարցը: Որևէ մեկը չի խոսում նախաբանը Սահմանադրությունից հեռացնելու մասին, և երկրորդը՝ մենք խոսում ենք հանրաքվեի մասին, այսինքն՝ վերջնական դատավորը ժողովուրդն է, հետևաբար այստեղ ևս որևէ դավադրության տեսության տեսական հնարավորություն չկա: Նոր Սահմանադրության ընդունումը դեռ մի բան էլ ուշացած քայլ է, որովհետև հեղափոխությունները միշտ ուղեկցվել են նոր Սահմանադրության ընդունմամբ, սա նոր բան չէ միջազգային պրակտիկայում»:
Խալաթյանը հանրաքվեի անցկացման ժամկետ դժվարացավ նշել. «Բլոր դեպքերում դա պետք է լինի ոչ այնքան շուտ, որպեսզի Սահմանադրության տեքստը հապշտապ չմշակվի և հնարավոր լինի հղկել, և նաև շատ ուշ չլինի, որովհետև նաև խնդիր կա ժողովրդավարական արմատական վերափոխման այս փուլն ավարտին հասցնել»:
Իրավագետը կարևոր մեսիջ համարեց նաև արտաքին քաղաքականության բազմավեկտորության հռչակումը. «Կարծում եմ՝ այս հարցը կարող է նաև սահմանադրական կարգավորման առարկա դառնալ: Ըստ էության, ռուսակենտրոն միագիծ արտաքին քաղաքականությանը հրաժեշտ է տրվում և դա նաև կարտացոլվի թե՛ Սահմանադրության, թե՛ անվտանգության նոր ռազմավարության մեջ: Դա եվրաինտեգրմանն էլ չհակասող հայտարարություն է, ԵՄ-ն 27 պետություններրի կառույց է և դա նշանակում է, որ այդ կազմակերպությանն անդամակցության հայտ ներկայացնելով՝ մենք անոնսավորում ենք այդ պետություններից մեր կախվածությունը՝ որպես անկախության երաշխիք»:
Անդրադառնալով նաև Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող հանձնաժողով ստեղծելու հայտարարությանը՝ Խալաթյանն ասաց. «Պետության անվտանգային քաղաքականության փոխակերպման փուլում շատ կարևոր է դա, մենք դրա կարիքն ունենք: Պետության ռազմավարական փոխակերպման փուլում շատ կարևոր է, որ թե՛ Սահմանադրությունը, թե՛ ազգային անվտանգության հայեցակարգը վերանայվում են միատեղ և զուգահեռ, սա մեր պետականության հիմքերի վերանայման, ամրապնդման և վերաիմաստավորման փուլն է: Շատ կարևոր է, որ այսուհետ մեր ռազմավարական փաստաթղթերը, մասնավորապես՝ ազգային անվտանգության ռազմավարությունը, լինի իրականությունից չկտրված և կիրառելի»:
![]()