Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հիմնված է հայ ժողովրդի ազգային արժեքների վրա. Նիկոլ Փաշինյան

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը կամ նախագծի 14 հիմնական դրույթներից 5-րդը մարդու՝ բարձրագույն արժեք լինելու մասին է:

Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում ասաց վարչապետը՝ ներկայացնելով այն:

Դրույթ համար 5.

Մարդը բարձրագույն արժեք է: Սա նշանակում է, որ մարդու առաջնային կարիքները հոգալն առաջնահերթություն է

Հացի, փողի, հարստության, լավ ապրելու մասին խոսույթի ներառումը քաղաքական գաղափարախոսության մեջ անսովոր է մեր քաղաքական կյանքի համար և կարող է գնահատվել որպես «բարձր քաղաքականության» արժեզրկում:

«Բարձր արժեքների վրա հիմնված քաղաքականությունները», սակայն, երբեմն տեսադաշտից բաց են թողնում արժեքներից բարձրագույնին՝ մարդուն, նրա ամենօրյա կենսական կարիքները, ապրելու և կյանքը վայելելու նրա բնական մղումը: Սույն գաղափարախոսության առանձնահատկությունը մարդուն և նրա կարիքներն առանցքում դնելու գործնական մոտեցումն է՝ այն ըմբռնմամբ, որ մարդու կարիքները հենց ինքը մարդը նախևառաջ պետք է հոգա և պետական քաղաքականություններն ուղղված պետք է լինեն մարդուն դրա համար անհրաժեշտ կրթությամբ, հմտություններով, կարողություններով, գիտելիքով օժտելուն, մարդու տաղանդը զարգացնելուն և դրա իրացման համար անհրաժեշտ հնարավորություններ ու միջավայր ձևավորելուն:

Հոգևոր, մշակութային արժեքները նույնպես դիտարկվում են այս դիտանկյունից: Այդ արժեքներն ունեն ոչ թե երկնային նշանակություն, այլ մարդու կենսական կարիքների անբաժան մաս են, որովհետև մարդն ունի ինչպես նյութական, կենցաղային, այնպես էլ հոգևոր-մշակութային կարիքներ և արժեքներն արժեքավոր են այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են մարդուն մոտիվացնելու, ներդաշնակ դարձնելու, երջանկությունն ապահովելու համար:

Այս իմաստով, կարևոր են մարդու ազգային և պետական ինքնությունը, ազգային և պետական արժեքները, որոնցից մի մասի հետ մարդն առնչվում է անմիջապես, մյուս մասը մարդու համար գոյություն ունի որպես գիտակցություն, որպես համոզմունք: Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հիմնված է հայ ժողովրդի ազգային արժեքների վրա:

Ըստ այդմ, հայ ժողովրդի (Հայաստանի Հանրապետության) ազգային արժեքներն են՝

— Հայաստանի Հանրապետությունը:

— ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը:

— Հայաստանի պատմությունը, հայ բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:

— Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:

— Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:

— Հայրենիքը, ընտանիքը, անհատը:

— Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ Ավետարանական եկեղեցին. Քրիստոնեությունը:

— Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:

— Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:

— Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, մարդասիրությունը, հարգանքը և հանդուրժողականությունն ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ:

— Տարածաշրջանային պատկանելությունը, համաշխարհային քաղաքակրթությունը, տարածաշրջանային, դասական և ժամանակակից մշակույթը,

— Եղբայրական զգացումները և հարաբերությունները ՀՀ ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ավանդույթները, կրոնները, հավատալիքները:

— Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի (Հայաստանի Հանրապետության) վերը նկարագրված ազգային արժեքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ