![]()
Իրական Հայաստանի գաղափարախոսությունը կամ նախագիծը հիմնված է 14 հիմնական դրույթի վրա: Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում ասաց վարչապետը՝ ներկայացնելով դրանք:
Դրույթ համար 3.
Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց
Ժողովուրդը պետություն ստեղծում է՝ որպես բարեկեցության գործիք: Պետությունը հայաստանյան իրականությունը պարբերաբար փոթորկող «որտեղ հաց՝ այնտեղ կաց» ասացվածքի նպատակակետն է, այսինքն՝ այն տեղը, որտեղ կա հաց, որովհետև այն գործիքն է, որով ստեղծվում է հաց, ասել է թե՝ բարեկեցություն, և հետևաբար՝ այդտեղ պետք է մնալ:
Պետությունը ժողովրդի բարեկեցության փնտրտուքի արգասիք է, բարեկեցությունը երջանկության հասնելու համար անհրաժեշտ պայման: Այս ընկալումը խորթ է եղել մեր իրականությանը, որովհետեւ դարեդար հայրենիք, պետություն, հաց հասկացությունները տարանջատված են եղել իրարից:
Հացը վաստակվել է ուրիշների կողմից ստեղծված և/կամ ուրիշ տեղերում գտնվող պետություններում, հայրենիքին վերապահելով մեկուսի, բայց նվիրական ավանդույթների ու արժեքների կոնսերվացման տեղի գործառույթ, հայրենիքի, պետության ու հացի միջև դեգերումները վերածելով հայերիս սոցիալ-հոգեբանության առանցքային բաղադրիչի:
Հաց, հայրենիք, պետություն հասկացությունների նույնացումը խնդիրներից «արտագաղթելու», այսինքն՝ հացի խնդիրն այլ տեղ լուծելու հայեցակարգը փոխարինում է խնդիրներին առերեսվելու և դրանք սեփական պետությունում և սեփական պետությունով լուծելու հայեցակարգով: Այս գործընթացում էական նշանակություն ունի բարեկեցության (անվտանգություն, ազատություն, արդարություն, կենցաղ, երջանկություն) ստանդարտի սահմանումը, դրա իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ որպես ռազմավարություն որդեգրելը և պետությունը, որպես ռազմավարության իրագործման գործիքի և նշված ստանդարտի իրագործման տարածքի գիտակցումը:
Այս համատեքստում կարևոր է արձանագրել, որ պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է քաղաքացու և ժողովրդի համար, և մարդու լավագույն կյանքը հնարավոր է միայն իր պետության մեջ:
![]()