Եթե Քոչարյանի տարբերակները «փայլուն» էին, ինչո՞ւ պետք է սպանվեին Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հարցեր է հրապարակել՝ նշելով, թե կգտնվի՞ գեթ մեկ լրագրող, որ Ռոբերտ Քոչարյանին «ասուլիսի» ժամանակ տա այդ հարցերը:

«1. Մինչև ԱՄՆ կողմից 1999թ. քննարկված Մեղրիի տարբերակի մասին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների ու ամերիկյան համանախագահի զեկուցագրերի գաղտննազերծումը ինքը և իր շրջապատն ինչո՞ւ էին հերքում կամ ինչու չէին հաստատում իրենց ուղղված մեղադրանքները, որ Հեյդար Ալիևի հետ տևական քննարկումներ են ունեցել Մեղրին Լաչինի միջանցքի հետ փոխանակելու շուրջ ու սեղանին աշխատանքային տարբերակ է եղել:

2. Երբ «Հայկական ժամանակ» թերթում 2000-ականներին տպվեց այդ տարբերակը, ինչո՞ւ պաշտոնապես չհաստատեցին, որ այն ճիշտ է կամ սխալ՝ նախընտրելով կամ դա անտեսելը կամ տարածելը, թե՞ դա իրականության հետ աղերս չունի: Կամ ինչո՞ւ թեկուզ արտահոսքով, բայց իրենք չտարածեցին իրենց մոտ եղած պաշտոնական տարբերակը:

3. Ինչո՞ւ է միայն հիմա նրա որդին ասում, թե իր հայրիկը «փայլուն դիվանագիտական արդյունք էր ապահովում» թե՛ Մեղրին զիջելու գնով (1999թ. Սադարակի / Մեղրիի տարբերակ), թե՛ Մեղրիով ճանապարհ տալու տեսքով (2001թ. Քիվեսթի տարբերակ) Արցախի հա՞րց էր լուծվում: Եթե դա այդքան փայլուն դիվանագիտական արդյունք էր, ինչո՞ւ մինչև այժմ դրանով չէին հպարտանում անցած շուրջ 24 տարի շարունակ և միայն այժմ են ստիպված «հպարտանալ»:

4. Ինչո՞ւ էին Նաիրի Հունանյանին Հ1-ով գործուղել Թուրքիա: Որպեսզի հետքե՞րը շեղեին, թե՞ հոկտեմբերի 27-ը կազմակերպել էին Թուրքիան ու այդ օրը Անկարա այցելող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթը: Ստացվում է, որ գործն ամենևին «ուչաստկովի» գործ չէ:

5. Եթե այդ տարբերակները իր որդու ասած «փայլունն» էին, ինչո՞ւ պետք է սպանվեին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և մյուսները, ու ինչու էին նրանք այդ տարբերակին դեմ քվեարկել ԱԽ նիստում»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ