Պետք է ազատվել վախերից, թե՝ «առանց մեզ ձեզ կուտեն, կոչնչացնեն», հենց սրա վրա է ՌԴ-ն խաղում. Ռուբեն Բաբայան

«Հայկական ժամանակ»-ը Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ զրուցել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթղթի կարևորության մասին:

— Պարոն Բաբայան, օրերս Վաշինգտոնում հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթուղթ ստորագրվեց, որի վերաբերյալ հակասական կարծիքներ են հնչում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ հորիզոններ է բացում այն Հայաստանի առաջ, և ի՞նչ ակնկալիքներ ունենալ:

— Կարծում եմ՝ սա առաջին հերթին արժեքային համակարգի, մշակութային, որակի ընտրություն է, թե որ աշխարհում է Հայաստանն իրեն ուզում տեսնել: Այս փաստաթուղթը առաջին քայլն է: Կմնա թղթի կտո՞ր, թե՞ կդառնա բովանդակային և գործնական փաստաթուղթ, կախված է մեզնից: Ես փորձել եմ համեմատել ՀՀ-ն լեռնագնացի հետ. մեզ սովորեցնում են՝ ինչպես է պետք է լեռ բարձրանալ, բայց ինքնուրույն պետք է այդ ճանապարհն անցնենք: Այն, որ կան նաև ընդդիմախոսներ կամ զգուշացնողներ, սա էլ է բնական, որովհետև կատարվում է շատ կտրուկ, բայց շատ մտածված և գիտակցված շրջադարձ. Հայաստանը դառնում է և պետք է դառնա տերը իր ճակատագրի, ոչ թե իր ճակատագիրը հանձնի ուրիշ երկրի՝ ելնելով թույլի մտածողությունից:

— Ի՞նչ աշխատանք ունենք անելու այս փուլում:

— Ինչ-որ բանի կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ քո առաջ դնում ես բարձր նպատակներ: Պետք է կրթվել, սովորել ժամանակակից բոլոր հնարքներն ու ձևերը, այն, ինչ ընդունված է առաջադեմ աշխարհում: Պետք է նաև ազատվել վախերից: Ցավոք, մեր վախերի վրա են հաճախակի խաղում՝ «առանց մեզ ձեզ կուտեն, կկործանեն, կոչնչացնեն, դուք առնաց մեզ ոչ մի բան ձեզնից չեք ներկայացնում». հիմնականում այս հիմնավորումներն ենք լսում հյուսիսային հարևանից:

— Իսկ Ռուսաստանը վախենո՞ւմ է Հայաստանին կորցնելուց, թե՞ ոչ:

— Կարծում եմ՝ ՌԴ-ն այնքան երկար ժամանակ չէր վախենում կորցնել Հայաստանը, որ հիմա մի քիչ ապակողմնորոշված է և դրա համար բերում է բացարձակապես իրար հետ կապ չունեցող օրինակներ: ՌԴ-ն չի կորցնի Հայաստանը, եթե դադարի ՀՀ-ի հետ խոսել սպառնալիքների լեզվով: Ի վերջո ՀՀ-ն ուզում է պարզապես ունենալ հարգալից հարաբերություններ ՌԴ-ի հետ:

— Կան պնդումներ, որ Ռուսաստանից հեռանալը բերելու է ծանրագույն խնդիրների, եթե դեմքով շրջվենք նրան, կործանարար է լինելու:

— Ես բերեցի լեռնագնացի օրինակը հենց դրա համար, երբ որ լեռնագնացը ուզում է մեկ քայլ բարձրանալ, նախ ստուգում է՝ ամո՞ւր է այդ քայլը և նոր անում է դա: Նույն ձևով պետք է շարժվի Հայաստանը. մեր բոլոր քայլերը պետք է լինեն շատ գիտակցված, որպեսզի չպոկվենք լեռան լանջից: Իհարկե, մենք չենք կարող մեջքով թեքվել ոչ միայն դեպի ՌԴ-ն, այլ նաև դեպի Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, և դա բնական է, մենք բոլորի հետ պետք է ունենանք բարիդրացիական հարաբերություններ, հակառակ դեպքում երկիր չենք կառուցի՝ հարևանների հետ ունենալով կոնֆլիկտ:

— Ռուսական քարոզչամեքենայի մաս կազմող Սոլովյովը կարծում է, թե «Հայաստանը պարզապես թքում է իրենց երեսին, անում՝ ինչ ուզում է, իսկ իրենք երեսը սրբում են ու շարունակում հարաբերությունները»:

— Ինչո՞վ է Հայաստանը թքում նրանց երեսին, նրանո՞վ, որ պարզապես ուզում է գործնական հարաբերություններ ունենալ ուրիշ երկրների հետ, դա երեսին թքել չէ: Սա տիրոջ և ստրուկի մտածողություն է, որ եթե քո ստրուկը (այդպես էր ընկալվում ՀՀ-ն երկար ժամանակ) փորձում է նորմալ հարաբերություններ հաստատել ուրիշ մարդկանց հետ, նշանակում է, որ նա թքում է իր տիրոջ դեմքին: Հայաստանը պետք է ապացուցի, որ իսկապես ազատ երկիր է, այլ ոչ տեր ունի և փոխում է նրան:

— ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունները լինելու են ա՞յդ համատեքստում:

— Միանշանակ, այլ կերպ չի կարող լինել, եթե նայենք, թե որ երկրներն են ԱՄՆ-ի հետ գտնվում նորմալ հարաբերություններում՝ Հարավային Կորեան, Սինգապուրը, կտեսնենք, որ այնտեղ շատ նորմալ գործնական հարաբերություններ են, նույնիսկ չճանաչված երկիր Թայվանը, այնտեղ չկան տիրոջ և ստրուկի հարաբերություններ, հակառակը՝ ավելի հզոր երկիրը՝ ԱՄՆ-ը, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կրտսեր եղբայրը լավ զարգանա, և մենք տեսնում ենք, որ այն երկրները, որոնց անունները տվեցի, ամենազարգացած երկրներից են ժամանակակից տեխնոլոգիաներով, առողջապահությամբ, կրթությամբ, գիտությամբ, մշակույթով, արվեստով և այլն:

— Դուք հաճախ եք շրջագայում և տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ շփումներ ունենում. Արևմուտքում ընկալումները մեր մասին ինչպիսի՞ն են:

— Երկրները մարդկանց նման են, մենք ընկերություն ենք անում այն մարդկանց հետ, ովքեր մեզ նման են, մոտ են իրենց հայացքներով և արժեքային համակարգով, նույնը պետությունների մեջ է, ոչ մեկը չի սպասում նրան, ով օտար է: Եթե մենք նույն արժեքները կրենք, մեզ ոչ թե կսպասեն, այլ մեր հետ կհամագործակցեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ