Արթուր Բազեյանը հաղթեց նոկաուտով ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Հայաստանն առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճեց Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Իր բոլոր մրցակիցներին հաղթեց ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց 56 կգ քաշային Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Արթուր Բազեյանը։ Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։

Մարզիչներ Արման Հարությունյանի և Ռոբերտ Պետրոսյանի սանը պարզապես ֆանտաստիկ մրցելույթներ անցկացրեց ու եզրափակչում նոկաուտով հաղթեց իռլանդացի Ադամ Բրաիան Հեսսիոնին։ 2-րդ ռաունդում հայ մարզիկի ուժգին հարվածներից հետո մրցավարը երկու անգամ դադարեցրեց մենամարտն ու հաշիվ բացեց, ու եթե առաջին դեպքում իռլանդացի մրցակիցը կարողացավ շարունակել պայքարը, ապա երկրորդ դեպքում մրցավարը դադարեցրեց մենամարտը։ Սա այս մրցաշրջանում հայկական բռնցքամարտի առաջին չեմպիոնական տիտղոսն էր հեղինակավոր մրցաշարերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ