![]()
Ոռոգման ջրի սակավության խնդիրը մի քանի գործոն ունի. նախ ջրային ռեսուրսների փոքր ինչ սակավություն ունենք, երկրորդը, Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ասաց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Դիտարկմանը՝ Արմավիրի մարզում ոռոգման ջրի պակաս կա, գյուղացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում, նախարարն արձագանքեց, որ տեղյակ է այդ մասին. «Մենք հիմա համատեղ աշխատում ենք տարածքային կառավարման նախարարի հետ, որպեսզի լուծենք այդ հարցը»:
Խոսելով ընտրություններից հետո բիզնեսի մասին, Քերոբյանն ասաց. «Բիզնեսմենների 90 տոկոսը ինձ խոստովանում էին, որ եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, իրենք կարտագաղթեն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ-ում եղած ամբողջ ներուժը համախմբենք»:
Անդրադառնալով արտագաղթին՝ նա նշեց, որ կա նման միտում. «Իհարկե, մարդկանց մի մասը հիասթափված է 44-օրյա պատերազմի արդյունքից, միգուցե նաեւ` Կառավարության աշխատանքից։ Իհարկե, մենք պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որպեսզի այդ հիասթափությունը առիթ չդառնա գնալու, այլ վերածվի էներգիայի»:
Հարցին, թե հիասթափության նոր առիթ չէ՞ր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքը, Քերոբյանը պատասխանեց, որ դա ժողովրդի ընտրությունն էր:
Նա ընդգծեց՝ շատ ավելի կարեւոր էր ոչ թե ընտրությունների արդյունքը, այլ դրանց անցկացման մակարդակը. «Մենք բետոնեցինք, ցեմենտեցինք մեր ժողովրդավարական ճանապարհը»:
Ըստ նրա՝ իշխանության խնդիրն այսօր հանրության շրջանում առկա մտահոգությունները փարատելն է. «Մեր խնդիրն այսօր այն է, որ շուտ այդ անհանգստությունները փարատենք, անվտանգային միջավայրը վերականգնենք, ներդրումային միջավայրը վերականգնենք, մեր հասարակության մեջ համերաշխության ու ստեղծագործական մթնոլորտը վերականգնենք»:
![]()