![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ին որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանում ստեղծվել է տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովը կաջակցի տարեցների կյանքի որակի բարձրացմանը և նրանց համար արժանապատիվ կենսապայմաններ ապահովելուն ուղղված գործողությունների իրականացմանը:
Որոշման հավելվածում մասնավորապես նշվում է, որ հանձնաժողովը կբարելավի տարեցներին մատուցվող առողջապահական և սոցիալական ծառայությունների որակը, համայնքում կխթանի տարեցների ներառման, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում նրանց մասնակցայնության և հասարակության մեջ նրանց դերի գնահատմանը, կաջակցի կրթության, զբաղվածության, մշակութային կյանքին մասնակցության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, կզբաղվի նրանց իրավունքների և շահերի պաշտպանությամբ:
Հանձնաժողովը վերը նշված խնդիրների լուծման նպատակով քննարկելու է տարեցներին առնչվող`հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առկա խնդիրները ու ներկայացնի դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ համապատասխան պետական լիազոր մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին:
Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնելու է նիստերի միջոցով: Նիստերը գումարվելու են տարին առնվազն 3 անգամ: Հանձնաժողովի կազմը վարչապետը հաստատել է՝ սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ։
Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն են՝
Տաթևիկ Ստեփանյան — ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Քնար Ղոնյան — ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ
Լուսինե Սիմոնյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ
Սամվել Կարաբեկյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Լուսինե Հովհաննիսյան — Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)
Աննա Հովհաննիսյան — ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Արթուր Թորոսյան — Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Քրիստինե Իսպիրյան — Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ալլա Հարությունյան — «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ֆլորա Սարգսյան — «Հայկական Կարիտաս» ԲՀԿ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Քրիստինա Հովհաննիսյան — ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):
![]()