![]()
«Մենք պետք է այս կետից ընտրենք մեր երկարաժամկետ ռազմավարությունը։ Ի վերջո` սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է փակել այդ թեման։ Սահմանների անվտանգության թեման փակել, փոխադարձաբար գալ համաձայնության, թե որտեղով է անցնում պետական սահմանը, որն անձեռնմխելի է։
Հիմա այս համատեքստում հարցեր են հնչում՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ղարաբաղի հարցը փակվում է։ Ես ուզում եմ ձեզ մի նորություն ասել՝ 1991 թվականի դեկտեմբերին, երբ Ալմա Աթայում ընդունվեց հռչակագիր Անկախ պետությունների համագործակցության ստեղծման վերաբերյալ, այդ հռչակագիրը բոլոր երկրները ստորագրեցին՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը։
Եթե այս առումով խնդիր կա, այդ խնդիրը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերին։ Եթե այդտեղ խնդիր կա, այդ խնդիրը ստեղծվել է 2010 թվականին այս դահլիճում, երբ ընդունվել է վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ արձանագրվել է, որ Շուռնուխից, Սև լճից էն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է։ Հիմա այս աղմուկն ինչի՞ մասին է, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել»․ Ազգային ժողովում ունեցած ելույթում այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հարց է հնչում՝ այս ամենի մասին չե՞նք կարող ընտրություններից հետո խոսել։
«Այսինքն հիմա էս կառավարությունը պիտի ասի, գիտեք ինչ՝ Հայաստանում Կառավարություն չկա, զորքերն եկել են, ոչինչ, թող մնան, մենք չենք այս հացերցով զբաղվում, ընտրությունները կլինեն, կլուծենք։ Հետո քարոզարշավի ընթացքում մի տեղից էլ մտնեն, իշխանություն չկա չէ՞ երկրում, հետո մի տեղից էլ մտնեն»,- ասաց նա։
Խոսելով այն մասին, թե ինչպես է ստեղծվելու սահմանազատման հանձնաժողովը՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ուզում է եւս մեկ «դավադրություն» բացահայտել։ Ըստ այդմ՝ դեռեւս 2020 թ․ նոյեմբերին ՀՀ-ում ստեղծվել է սահմանազատման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։ Փաշինյանը սարկազմով նշեց, որ դրա մասին արտաքին գործերի նախարարությունը կրկին գաղափար չունի, որովհետեւ հանձնաժողովը ղեկավարում է ԱԳՆ տեղակալը։ Հիշեցնենք, փոխարտգործնախարարն այսօր ասել է, թե տեղյակ չեն քննարկվող փաստաթղթի մասին։
Փաշինյանը խոսեց նաեւ քննարկվող հայտարարության տեքստի ԱԺ-ում վավերացման մասին։ Ասաց, որ հայտարարությունների դեպքում Ազգային ժողովի կողմից վավերացման անհրաժեշտություն չկա:
«Եթե ասվի, որ դելիմիտացիայի արդյունքները պետք է վավերացվեն ԱԺ կողմից, դա ուրիշ, բայց հայտարարության դեպքում վավերացման անհրաժեշտություն չկա»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է նախագծի հրապարակմանը՝ Փաշինյանն ասաց, որ այն չի հրապարակվել, քանի որ դեռ ընդամենը քննարկվում է, կարող է չստորագրվի, հնարավոր է առաջարկ լինի եւ այլն։
«30 տարի բանակցում էին Ղարաբաղի մասին, դե թող ինտերնետում դներ Միշիկը, ասեր հայրիկը որոշել ա 7 շրջանները առանց նախապայմանների վերադարձնի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
![]()