Ֆիլհարմոնիկի տնօրենի մրցույթին ոչ ոք չի մասնակցել

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ոչ ոք չի ներկայացրել: Մայիսի 14-ին նախատեսված մրցույթը չի կայանա:

«Հայկական ժամանակը» կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից տեղեկացավ, որ համաձայն կարգի՝ եռամսյա ժամկետում նոր մրցույթ կհայտարարվի: Նշված թափուր պաշտոնի համար մրցույթը հայտարարվել էր ապրիլի 3-ից, իսկ ապրիլի 17-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն էր:

2020 թվականի նոյեմբերի 18-ից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի պաշտոնակատարն է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Պաշտոնակատարը, մեր նախորդ զրույցում խոսելով ֆիլհարմոնիկի հետագա ծրագրերից, ասել էր, որ դեռ բազմաթիվ անելիքներ ունի, սակայն պարզվում է՝ մրցույթին չի մասնակցել: «Հայկական ժամանակը» Մնացականյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ չի ցանկանում շարունակել մեկնարկած ծրագրերը:

ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի պաշտոնակատարը հատնեց, որ տնօրենի համար թափուր պաշտոնի մրցույթին չի մասնակցել, քանի որ նախատեսում է առաջիկայում քաղաքաշինական եւ տարածքային զարգացման նախագծեր իրականացնել: Նա, սակայն, չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը:

Վիկտոր Մնացականյանը նաեւ շեշտեց, որ իրեն հրավիրել էր մաեստրո Էդուարդ Թոփչյանը, եւ ի սկզբանե պայմանավորվածությունը եղել էր մինչեւ ամառ: Արդյունքում այդպես էլ ստացվեց. տնօրենի մրցույթին դիմող չլինելու պատճառով Մնացականյանի պաշտոնավարումը 3 ամսով կրկին երկարաձգվեց:

«Մի քանի ամիս դեռ լինելու եմ ինձ հարազատ դարձած նվագախմբի կողքին»,- ասաց նա:

Անդրադառնալով մեկնարկած ծրագրերը կիսատ թողնելուն՝ պաշտոնակատարը նկատեց. «Կարծում եմ՝ որեւէ տեղ, եթե մարդ զգում է, որ որոշակի ժամկետում արդեն արել է այն, ինչ կարող էր, ուրեմն ժամանակն է, որ իր փոխարեն մեկ ուրիշը գա ու փորձի անել ավելին: Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ համերգասրահը շաբաթվա բոլոր օրերին միջոցառումներով զբաղեցված լինելու մեր քայլերը, կարծում եմ, շարունակական կլինեն: Հույս ունեմ՝ կգան մարդիկ, որոնք շատ ավելին կանեն Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Արամ Խաչատրյան համերգասարհի համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ