![]()
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է: Նա այսօր հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե:
«Նորից եկել էինք այն հին գործով, որից այդպես էլ գլուխ չենք հանում, թե ինչու են մեզ պարբերաբար հրավիրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ հիշեցնելով, որ մեղադրանքն առաջադրվել էր 2020թ.-ի դեկտեմբերին՝ դրանից 8 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։
Այդ գործով Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել անձին առևանգելու համար։ Այժմ քաղաքապետը մեղադրվում է անձի առեւանգումը կազմակերպելու համար: Ըստ Երվանդ Վարոսյանի՝ ծանոթ լինելով գործի որոշ նյութերին՝ կարող է փաստել, որ առհասարակ որևէ անձի առևանգում տեղի չի ունեցել, իսկ իր պաշտպանյալի կապն այդ ամենի հետ բացարձակապես անհասկանալի է։
Պաշտպանի խոսքով՝ այս ամենն ունի ուղղվածություն: «Դեկտեմբերին Փարամազյանին մեղադրանք առաջադրելը հաջորդեց Սյունիքի համայնքապետերի հայտարարությանը, որով նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը։ Հիմա էլ Ագարակում և Մեղրիում դեպքեր են տեղի ունեցել, սյունեցիները «ջերմ» ողջունել են վարչապետին և, չգիտես՝ ինչու, կրկին հիշել են պարոն Փարամազյանին, հիմա էլ նոր մեղադրանք են առաջադրել, որը էլի կապված է նույն դեպքի հետ»,- ասաց պաշտպանը: Նրա խոսքով՝ այս մի քանի ամիսների ընթացքում քրեական գործի նախաքննության ընթացքում որևէ գործողություն իր պաշտպանյալի մասնակցությամբ չի իրականացվել։
Փարամազյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանությունը մի բոմբ է դրել Սյունյաց աշխարհի տակ.
«Այդ բոմբը դրել են Սյունիքի տակ և, մեր լեզվով ասած, այդ «ֆիթիլը» վառել են, ու մի օր դա տրաքելու է, և տրաքելու է թե՛ մեր, թե՛ մեր սերունդների տակ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մերժվել էր: Նշված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունի 5 անձ: Ըստ քննչական կոմիտեի՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Քաջարանի քաղաքապետը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, Քաջարանի Լեռնագործներ փողոցի 18-րդ հասցեում գործող ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել է նույն համայնքի մեկ այլ բնակչի կողմից վարած ավտոմեքենան, բացահայտ առևանգել են նրան ու դուրս հանելով բնական միկրոսոցիալական միջավայրից՝ տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան:
![]()