![]()
Անցյալ տարի ավանդական «Վերջին դաս» («Վերջին զանգ») միջոցառումը տեղի չունեցավ՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի պատճառով գոյություն ունեցող սահմանափակումներով:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս տարի հորդորում է բոլոր դպրոցներին վերջին դասն անցկացնել բացօթյա տարածքում: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Հանրակրթության բաժնի պետ Արսեն Բաղդասարյանը:
«Նախարարությունը միջոցառման ավելի բովանդակային կողմին է ուշադրություն դարձնում, որ վերջին դասի կազմակերպումով ամփոփվեն ուսումնական տարիները: Հաշվի առնելով համավարակը եւ նաեւ այն հանգամանքը, որ առաջիկայում սպասվում են ընդունելության միասնական քննություններ՝ կհորդորենք բոլոր դպրոցներին, եթե նույնիսկ փոքրիկ միջոցառումներ ցանկանան կազմակերպել, փակ տարածքներում մեծ միջոցառումներ կազմակերպելու գործընթացից զերծ մնան, եւ դրանք կազմակերպել բացօթյա տարածքներում, հնարավորինս սահմանափակ քանակությամբ մարդկանցով:
Նախարարությունում քննարկվում են բոլոր տարբերակները՝ նաեւ հիմք ընդունելով համավարակի պայմաններում ստեղծված իրավիճակում՝ ինչ լուծումներ կարելի է գտնել, եւ ըստ այդմ՝ «Վերջին դասի» մոտենալու ժամանակահատվածում կոնկրետ որոշում կունենանք եւ շրջաբերական-նամակով, հորդորով, կոչով, կդիմենք բոլոր դպրոցներին: Բայց ցանկալի է, որ միջոցառումները լինեն վերջին դասի ձեւով եւ բացօթյա տարածքում»,- նշեց նա:
Հարցին, թե նախորդ տարիների շրջանավարտների համար, որոնք այդպես էլ չկազմակերպեցին այդ միջոցառումը, որեւէ բան նախատեսվո՞ւմ է կազմակերպել, հանրակրթության բաժնի պետը նշեց, որ նախարարության համակարգման ոլորտում դժվար թե նման միջոցառում կազմակերպվի:
![]()