Հաստատվել է դպրոցի տնօրենի հավաստագրման հարցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի N 483-Ա հրամանով՝ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով իրականացվող վերապատրաստման հարցաշարը:

Ըստ այդմ՝ ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1307-Ա/2 և 2021 թվականի ապրիլի 19-ի N 461-Ա հրամանները: Հարցաշարի հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ: Հարցաշարում ընդգրկված է 570 հարց: Հարցաշարը կհրապարակվի ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում և «Կրթություն» շաբաթաթերթի առաջիկա համարում:

Մեկնաբանելով, թե ինչու է հավելվածը շարադրվել նոր խմբագրությամբ՝ Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ պատճառը վերջին շրջանում Կրթության նախարարության կողմից օրենսդրական կարգավորումների փոփոխություններն են:

«Շատ կարգեր նոր խմբագրությամբ շարադրվեցին՝ ե՛ւ ուսուցչի մրցույթի օրինակելի կարգը, ե՛ւ տնօրենների ընտրության կարգը, ե՛ւ խորհուրդների ձեւավորման կարգը, «Հանրակրթության մասին» օրենքում մեծածավալ փոփոխություններ կատարվեցին, նաեւ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքն ամբողջությամբ նոր ձեւով շարադրվեց, փոփոխվեցին նաեւ դրանցից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը:

Եվ քանի որ օրենքներում, ենթաօրենսդրական իրավական ակտերում կատարվել էին մեծածավալ փոփոխություններ, անհրաժեշտություն առաջացավ այդ փոփոխություններին համապատասխան նաեւ հարցաշարում կատարել փոփոխություններ եւ համապատասխանեցնել գործող օրենքների կարգավորումներին: Հարցաշարը կազմված է գործող օրենքների դրույթներից»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ