Գյումրու 25 դպրոցի ուսուցիչը դատի է տվել ՀՀ փոխվարչապետին եւ Շիրակի մարզպետին

Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Մերուժան Մինասյանը դատի է տվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին եւ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է ապրիլի 6-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանին:

Մինասյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Շիրակի մարզպետի 2021 թվականի փետրվարի 3-ի այն որոշումը, որով տվյալ դպրոցի տնօրեն է նշանակվել Իրինա Բաղդասարյանը:

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերին տվյալ դպրոցում տեղի է ունեցել դպրոցի տնօրենի մրցույթ, որին մասնակցել են Մերուժան Մինասյանն ու Իրինա Բաղդասարյանը, առաջինը հավաքել է 4 ձայն, երկրորդը՝ 2: Ըստ կարգի՝ տնօրեն պետք է ընտրվեր 5 ձայնով, բայց, քանի որ թեկնածուներից եւ ոչ մեկը այդքան ձայն չի հավաքել, նշանակումը կատարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նախապատվությունը տալով Բաղդասարյանին:

Փոխվարչապետի այս որոշումից հետո, դպրոցում մի քանի օր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, ուսուցիչներն ու աշակերտների ծնողները պահանջում էին տնօրեն նշանակել Մերուժան Մինասյանին: Նրանք բաց նամակով դիմել էին վարչապետին, ԿԳՄՍ նախարարին եւ հենց Տիգրան Ավինյանին: Սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստացել եւ այժմ Մինասյանը փորձում է իրավական ճանապարհով լուծել այն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ