Ինչ իրավիճակ է Գյումրու N25 դպրոցում

Գյումրու համար 25 դպրոցում մեկ ամսից ավելի է՝ դասապրոցեսը վերականգնվել է, աշակերտները և ուսուցիչները կանոնավոր կերպով հաճախում և մասնակցում են դասերին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց դպրոցի նորնշանակ տնօրեն Իրինա Բաղդասարյանը:

«Դեռևս փետրվարի 22-ին մենք անցանք նորմալ դասապրոցեսի: Ճիշտ է՝ սկզբնական շրջանում, կարելի է ասել՝ ամբողջությամբ չէր կարգավորվել իրավիճակը, բայց աստիճանաբար հարթվեց ամեն ինչ: Հիմա ոչ մի խնդիր չունենք, բացակայություն չկա աշակերտների շրջանում, բոլորն էլ հաճախում են, ուսուցիչների հետ խնդիր չկա: Ես ասել էի, որ կհարթվի իրավիճակը ու հարթվեց»,- ասաց տնօրենը:

Նրա խոսքերով բողոքի ակցիաների ընթացքում և դրանից հետո դպրոցից որևէ աշակերտ չի տեղափոխվել, իսկ այն աշակերտները, որոնք ակցիաներին մասնակցում էին և դասի չէին հաճախում, վերադարձել են սովորական դասապրոցեսին. «Ոչ ոք ոչ գնացել է դպրոցից, ոչ էլ հեռացվել, 700-ից ավելի աշակերտ ունենք, նորմալ դպրոց են հաճախում: Հակառակը երեխաներ կան, որ ուզում են տեղափոխվել մեր դպրոց, բայց լիցենզիայով մեր դպրոցին տրված տեղերի թիվը սահմանափակ է, դրա համար չենք կարողանում իրենց ընդունել»:

Հիշեցնենք՝ այս դպրոցում բնականոն դասապրոցեսը խաթարվել և բողոքի ցույցեր էին սկսվել, երբ սեպտեմբերի 11-ին տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում երկու թեկնածունները՝ նույն դպրոցի մանկավարժ Մերուժան Մինասյանը և Գյումրու թիվ 9 դպրոցի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանը չէին հավաքել օրենքով նախատեսված 5 ձայն: Ըստ գործող կարգի, այդ դեպքում ընտրությունը պետք է կատարեր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն էլ ընտրել էր Իրինա Բաղդասարյանին:

Փետրվարի 4-ին, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը նոր տնօրենի՝ Իրինա Բաղդասարյանի հետ գնացել էր դպրոց՝ վերջինիս ներկայացնելու, ուսուցիչներն ու աշակերտների ծնողները նրանց դիմավորել էին «ամոթ», «հեռացիր» և այլ վանկարկումներով: Դրանից հետո նոր տնօրենին թույլ չէին տվել մտնել դպրոց: Այդ ընթացքում 700-ից ավելի աշակերտները դպրոց չէր հաճախում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ