![]()
Ամարասի վանական համալիրում վերականգնողական քաղաք կստեղծվի: Այնտեղ բուժում կստանան պատերազմի մասնակիցները, պատերազմից տուժած խաղաղ բնակիչները: Նրանք կստանան վերականգնողական բուժում և սոցիալական աջակցություն։ Անվտանգությունը, ինչպես Դադիվանքում, կապահովեն ռուս խաղաղապահները: Արցախի թեմը նրանց հետ արդեն բանակցել է։
Հերոսների վերականգնողական քաղաք՝ Ամարասի վանական համալիրում. նախաձեռնությունը «Հայ կենտրոն վերականգնողական քաղաք» բարեգործական կազմակերպությանն է: Վանքի խցերում, որտեղ աղոթել ու ճգնել են վանականները, սոցիալական աջակցություն և հոգեբանական օգնություն կտրվեն պատերազմի մասնակիցներին, նրանց ընտանիքի անդամներին, հարակից բնակավայրերի բնակիչներին։ Արցախի 3 նախարարություն եւ հոգեւոր թեմը հավանություն են տվել Ստեփանակերտի «Քերոլայն Քոքսի» անվան վերականգնողական կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագրին, որով նախատեսվում է զինվորների ուսումից մինչև հոգեբանական վերականգնում, «Ռադիոլուր»-ին ծրագրի մանրամասներն է ներկայացնում ՀԿ նախագահ Սուրեն Արենցը։
«Նախնական շրջանում վերականգնողական աշխատանքները տարվելու են ուրբաթ, շաբաթ, կիրակի։ Կիրակին հատուկ է ընտրված, որպեսզի այդ օրը պատարագի ընթացքում զինվորները ստանան նաև հոգևոր սնունդ։ Եվ այդ երեք օրերի ընթացքում լինելու է հոգեբանի, ֆիզիոթերապևտի, լոգոպեդի հետ աշխատանք, լինելու են կերամիկայի, կավագործության, գորգագործության և խեցեգործության դասընթացներ»։
Երեք ամիս Ամարասում կլինեն և ծրագրին իրենց մասնագիտական աջակցությունը կբերեն «Քերոլայն Քոքսի» անվան կենտրոնի մասնագետները։ Ծրագրի այս փուլի իրականացման համար անհրաժեշտ գումարը կա։ Հետո, երբ պետական աջակցության կարիք լինի, կդիմեն կառավարությանը։ Այսօր փորձում են գործը գլուխ բերել բարեգործական հանգանակություններով ու նախատեսում նույնիսկ ընդլայնել նման կենտրոնների աշխարհագրությունը Արցախում և Հայաստանում: Սուրենն ասում է՝ պատերազմին մասնակցած, դրա հետևանքներն անմիջականորեն կրող ամեն մարդ նոր կյանք սկսելու հնարավորություն պետք է ունենա։
![]()
![]()