Մոսկվայում կան ուժեր, որոնք կցանկանան, որ Քոչարյանը հաղթի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

– Պարոն Տարասով, ինչպես արդեն գիտեք՝ Հայաստանում հունիսի 20-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կարծում եք՝ դա կարո՞ղ է ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելք լինել և ապահովել երկրում կայունություն հետպատերազմյան շրջանում։

– Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված պատմությունը բարդ է։ Սկզբում վարչապետ Փաշինյանը հրաժարվում էր անցկացնել արտահերթ ընտրություններ, ընդդիմությունը պահանջում էր, որ նա հրաժարական տա, տեղի էին ունենում հանրահավաքներ, երթեր։ Հնչում էին ամենատարբեր հայտարարություններ, և թվում էր, թե արտահերթ ընտրություններն անցկացվելու են ոչ մոտ ապագայում։

Տեղի էին ունենում նաև նախագահ Սարգսյանի կոնսուլտացիաները ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Եվ վերջնարդյունքում, ինչպես հայտնի է, Փաշինյանը համաձայնեց գնալ արտահերթ ընտրությունների։ Իմ կարծիքով՝ սա ոչ միայն Փաշինյանի որոշումն էր, կար նաև արտաքին գործոն։ Իմ դիտարկմամբ՝ կար Արևմուտքի ճնշումը, որպեսզի արտահերթ ընտրություններով կայունացվի իրավիճակը։

– Մոսկվա՞ն ինչ դիրքորոշում ունի այս հարցում։

– Հնչել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Զախարովայի հայտարարությունն առ այն, որ Մոսկվան կարծում է, թե սա Հայաստանի ներքին խնդիրն է, ու Մոսկվան տվյալ դեպքում հանդես կգա դիտորդի կարգավիճակում։ Մենք կողմնակից չենք, որ Հայաստանում իրավիճակն ապակայունանա։ Մեզ շատ է անհանգստացնում այն հանգամանքը, որ Հայաստանում անընդհատ հանրահավաքներ են տեղի ունենում։ Դրանք չեն խթանում պետական կառավարման համակարգի արդյունավետությանը, թուլացնում են պետական համակարգը։ Իհարկե, ընտրությունների միջոցով հնարավոր է, որ այդ իրավիճակը կայունանա։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ այն բոլոր սոցիոլոգիական հարցումները, որ տպագրում են հայկական ԶԼՄ-ները, ցույց են տալիս, որ Փաշինյանի իշխանությունը չունի այն բացարձակ մեծամասնությունը, որն ուներ նախկինում, բայց կարող է նորից ունենալ մեծամասնություն՝ այս անգամ ոչ բացարձակ։ Շատ հավանական է, որ ապագայում ձևավորվի կոալիցիոն կառավարություն։ Այստեղ հարց է առաջանում՝ ում հետ նա հանդես կգա ալյանսով, ընդդիմության որ ուժերը կգնան կոալիցիա ձևավորելու ճանապարհով, արդյոք դա կլինի կոնստրուկտի՞վ երկխոսություն, թե՞ կդառնա ևս մեկ առիթ իրավիճակի ապակայունացման, հարաբերությունների պարզաբանման համար։ Հիմա պաշտոնական Երևանի առջև բարդ հարց է դրված, հավանական է, որ որոշ ուժերի հետ Փաշինյանը փակ դռների հետևում քննարկումներ անցկացնի, որպեսզի քննարկի հետագա քաղաքական ճակատագիրն ու գործողությունների պլանը։ Բայց մեծ հաշվով սա կանխատեսելի տարբերակ է ու մեծամասամբ ուղղված է իրավիճակի կայունացմանը։ Մենք ուշադրությամբ հետևում ենք։

– Դուք նշեցիք, որ պաշտոնական Մոսկվան համարում է, որ սա Հայաստանի ներքին խնդիրն է, և ինքը դիտորդի դերում է, իսկ ոչ պաշտոնական խողովակներով՝ տարբեր գործիչներ, փորձագետներ, ԶԼՄ-ներ կտա՞ն իրենց նախապատվությունը այն ուժերին կամ գործչին, ով, այսպես ասած, ավելի ռուսամետ է։

– Ոչ։ Դուք նկատել եք, որ մենք Հայաստանում չենք տիրաժավորում ռուսամետ քաղաքական գործչի կամ կուսակցություն։ Նայեք մեր ԶԼՄ-ներով, մեր պաշտոնական հայտարարություններով դա շատ պարզ երևում է։ Չնայած մենք տեսնում ենք, որ ընդդիմության կողմից հնչում են հայտարարություններ՝ հօգուտ Ռուսաստանի։ Սա շատ բնական է, որովհետև մեր խաղաղապահներն են Ղարաբաղում, մենք ենք օգնել կանգնեցնել այդ ողբերգությունը, որը կախված էր Ղարաբաղի հայության գլխին։ Եվ իհարկե, Հայաստանի որոշ հատվածի մոտ Ռուսաստանի հեղինակությունը բավականին բարձր է, և Ռուսաստանի հանդեպ համակրանքը նախկինի հանդեպ մեծացել է։ Բայց արդյոք դա բավարա՞ր է, որպեսզի հաղթեն, այսպես կոչված, ռուսամետ ուժերը, որոնք ձևավորում են հայերը և ոչ ռուսները՝ կտեսնենք առաջիկայում։ Մոսկվան երբեք չի պաշտպանել որևէ ընդդիմադիր խմբավորում։ Իսկ Պուտինը հեռախոսով շփվում էր Փաշինյանի հետ, երբ ամենադժվար պահն էր։ Դա կարող ենք դիտարկել որպես ոչ ուղղակի աջակցություն, որովհետև եթե Մոսկվան Փաշինյանի վրա խաղադրույք չաներ՝ հազիվ թե անձամբ Պուտինի հետ այդպիսի երկխոսություն լիներ։

– Այդպիսի ռուսամետ գործիչ է համարվում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով, ի դեպ, ընկերական հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ։ Դա որևէ նշանակություն կունենա՞։

– Երբ Քոչարյանը բանտարկված էր, Պուտինը զանգում էր նրան՝ շնորհավորում ծննդյան օրվա կապակցությամբ։ Դրանք անձնական հարաբերություններ են ու պահպանվել են։ Բայց մենք չունենք որևէ փաստ, որը կհաստատի, որ Պուտինը կամ Մոսկվան քաղաքական իմաստով աջակցում են Քոչարյանին։ Մենք արժանին ենք մատուցում Քոչարյանին, որ երբ նա նախագահ էր, երկկողմ հարաբերությունները կայուն էին։ Քոչարյանը Մոսկվային անակնկալներ չէր մատուցում։ Եվ իհարկե, նա Ռուսաստանում ունի որոշակի հեղինակություն։ Մոսկվայում, այո՛, կան ուժեր, որոնք ցանկանում են, որ Քոչարյանը հաղթի։ Բայց մենք խոսում ենք պաշտոնական Մոսկվայի մասին։ Այս իմաստով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ես չեմ տեսնում Մոսկվայի կողմից որևէ ռեալ աջակցություն Քոչարյանին կամ նրան սատարող ուժերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ