Արցախից Հայաստան տեղափոխված երեխաները Երեւանի մանկապարտեզներ կհաճախեն անվճար

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու հաստամանն է ներկայացրել մի նախագիծ, ըստ որի՝ արցախցի երեխաները Երեւանի համայնքային մանկապարտեզ կհաճախեն անվճար: Վաղը՝ մարտի 16-ին, ավագանու հերթական նիստի օրն է, եւ նախագիծը ներառված է նիստի օրակարգում:

Արցախից տեղափոխված երեխաների համար տեղական վճարի նկատմամբ արտոնություն սահմանելու անհրաժեշտություն առաջացել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից Երեւան են տեղափոխվել եւ Երեւանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվել շատ երեխաներ:

Նախագծի հաստատելու դեպքում սույն որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Այն տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Երեւանում հաշվառված երեխաները համայնքային մանկապարտեզներ անվճար են հաճախում, իսկ մարզերում հաշվառվածները՝ վճարովի:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ խոսքն այս պահին Երեւանի համայնքային մանկապարտեզներ հաճախող արցածցի 23 երեխայի մասին է: Եվս 130 երեխա էլ հերթագրված է: Քաղաքապետարանից նաեւ փոխանցեցին, որ Արցախից Երեւան տեղափոխված երեխաների համար կան որոշակի արտոնություններ: Այս դեպքում նրանք առաջնահերթ կընդունվեն մանկապարտեզներ:

Նկատենք՝ օրերս Երեւանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ-Մելքոնյանը հայտնել էր, որ սահմանափակման պատճառով ներկայումս մանկապարտեզ հաճախում է շուրջ 19000 երեխա, իսկ հերթերում սպասում է աննախադեպ մեծ թվով՝ ավելի քան 12000 երեխա։ Նա նաեւ նշել էր, որ երբ վերացվեն սահմանափակումները, Երեւանի մանկապարտեզները կընդունեն եւս մոտ 7000 երեխա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ