Դրույքաչափի փոփոխություն, դասարանում աշակերտների թվաքանակի նվազում․ հարցեր, որ պահանջում են հրատապ լուծումներ

Դրույքաչափի փոփոխություն, դասարանում աշակերտների թվաքանակի նվազում․ այս և այլ շատ կարևոր հարցեր այսօր դարձել են մեծ նշանակության հարցեր։ Կրթությունը այն կարևոր զենքն է, որով կարելի է հաղթել ցանկացած թշնամու։ Կրթված և մտածող սերունդի ապահովումը պետք է սկսել մանկապարտեզից։

Շատ կարևոր է ժամանակին համահունչ քայլել, բայց և մեր ազգայինը պահպանել։

Ընդհանուր առմամբ՝ կրթության բնագավառում ՀՀ որդեգրած քաղաքականությունը նպատակաուղղված է կրթության միջոցով պետականության հզորացմանը, հոգևոր արժեքների պահպանմանը, մշակույթի, ավանդույթների, գիտության զարգացմանը, տնտեսական, սոցիալական ու կրթական հիմնահարցերի լուծմանը, որը հնարավոր է բացառապես գիտելիքահենք տնտեսության ու հասարակության հիմքերի ստեղծմամբ, բարձրագույն և շարունակական կրթության համակարգերի հետագա կատարելագործմամբ:

Գիտության ոլորտի զարգացման տեսլականը Հայաստանի Հանրապետությունը գիտելիքահենք տնտեսություն ունեցող, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների մակարդակով մրցունակ երկիր դարձնելն է: Գիտելիքահենք տնտեսության տեսանկյունից կարևորվում են տեղեկատվական նոր տեխնոլոգիաները, նորաստեղծությունը, կրթությունն ու վերապատրաստումը: Երկրի տնտեսության՝ կրթության, գիտության և բարձր տեխնոլոգիաների հենքերի վրա մրցակցային առավելությունների ստեղծումը զարգացման առաջնահերթ նախապայման է: Այդ նպատակներին հասնելու հիմնական նախապայմանն արդյունավետ գիտակրթական համակարգի ձևավորումն է, որը կոչված է ոչ միայն արդիական գիտելիքներ հաղորդելու, այլև ստեղծելու նոր գիտելիքներ և դրանք ծառայեցնելու պետությանը:

Գլոբալացման պայմաններում ձևավորվում են նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, որոնք պահանջում են վերանայել պետական քաղաքականությունը կրթության ոլորտում որպես ազգային անվտանգության ռազմավարության բաղադրիչ: ՀՀ զարգացման պետական քաղաքականության մեջ կրթությունը գերակայությունների շարքում շարունակում է մնալ ազգային արժեք և երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացն ապահովող առանցքային գործոն:

Հայաստանի կրթության զարգացումն անհրաժեշտ է դիտարկել երկրի ընդհանուր զարգացման, ազգային և պետական անվտանգության ապահովման հետևյալ հիմնական նպատակադրումների համատեքստում՝ անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության զարգացում, աղքատության հաղթահարում և բարեկեցության ապահովում, կայուն տնտեսական աճի և մրցակցության ապահովում, հայապահպանություն, միջազգային և տարածաշրջանային համագործակցություն1:

Այս նպատակադրումների կատարումն ապահովում է կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների իրականացման նախադրյալները: Պետք է նշել, որ կրթության նպատակներն իրագործելի են միայն այն դեպքում, երբ ձևավորված է պետական և սոցիալական պահանջարկ անհատի զարգացման, մասնագետների ձևավորման և շարունակական զարգացման նկատմամբ: Այդ պահանջարկի հիման վրա ստեղծվում է կրթության ազգային համակարգը, որը միտված է կապակցելու կրթությունը և ազգային անվտանգությունը, ֆիզիկական անվտանգությունը, հոգևոր անվտանգությունը, տեղեկատվական անվտանգությունը, սոցիալական բարեկեցությունը, պետության տնտեսական մրցակցությունը և գիտելիքների ու նորարարությունների հիման վրա տնտեսության զարգացումը:

Մնացյալ դեպքերում կրթության նպատակները մասնակի են իրագործելի, որը հանգեցնում է կրթության՝ որպես սոցիալական ինստիտուտի, ճգնաժամի, որի պայմաններում սոցիալական ինստիտուտը գործում է միայն կառուցվածքային (ուսումնական հաստատություններ), բայց ոչ գործառական (ֆունկցիոնալ) մակարդակներում: Այս իրավիճակը կրթական անվտանգության տեսանկյունից կարող է հանգեցնել լուրջ խնդիրների և մարտահրավերների կրթության համակարգի բոլոր բաղադրիչների առումով:

Ընդհանուր առմամբ, կրթությունը նկարագրվում է հետևյալ հիմնական բնութագրիչներով. այն դիտարկվում է որպես գիտելիքների, կարողությունների և հմտությունների համակարգված ամբողջություն, որն անհատը ձեռք է բերում ինքնուրույն կերպով կամ ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում: Սա անհատի սոցիալական կարգավիճակը նկարագրող ցուցանիշներից է, ինչպես նաև հասարակական համակարգի ինքնակարգավորման մեխանիզմ, հասարակության սոցիալական կառուցվածքի փոփոխության և զարգացման գործոն:

Կրթությունը պայմանավորում է հասարակական գիտակցության մակարդակը, հասարակական զարգացումները կառավարելու հնարավորությունները և զարգացման միտումները : Բացի այդ, կրթությունը նաև դիտարկվում է որպես սոցիալական ինստիտուտ, որը կոչված է ապահովելու անհատի մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումը՝ այդ կերպ երաշխավորելով նրա մասնակցությունը և հանրային ներգրավվածությունը հասարակական գործունեության տարբեր բնագավառներում, մասնագիտական, սոցիալական-տնտեսական և սոցիալ-մշակութային խնդիրներ լուծելու կարողունակության ձևավորումը, նոր գիտելիքի ստեղծման ներունակության ապահովումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ