![]()
Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի հարևանությամբ՝ նոր կառուցված կամրջի վրա 31-ամյա Երանոս Մարգարյանը իր վարած KIA մակնիշի ավտոմեքենայով դեպի Աշտարակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ դասակի հրամանտար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն դասակի ավագ տեսուչ Գագիկ Սերոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում Աշտարակի բնակիչ, 31-ամյա Սեյրան Ազիզյանը ոստիկաններին հայտնել է, որ KIA-ի համար ինքը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
![]()