Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ–ի հետ հնարավոր համագործակցության եւ արտահերթ ընտրությունների մասին

Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ ուրախ է, որ մի շարք կուսակցություններ արդեն հայտարարել են Փաշինյանի առաջարկած քննարկումներին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին։

Ծառուկյան–Փաշինյան հանդիպումը տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի առաջարկած՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը քննարկելու շրջանակում։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես շատ ուրախ եմ, որ ԲՀԿ–ն, ԼՀԿ–ն, ՀԱԿ–ը, ինչպես նաև Արման Բաբաջանյանի «Հանուն հայրենիքի» կուսակցությունն արդեն հայտարարել են, որ իրենք պատրաստ են այդ քննարկումներին»,– ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը չմեկնաբանեց լուրերն այն մասին, թե Փաշինյանը Ծառուկյանին առաջարկելու է կոալիցիա կազմել։

«Ես չասացի, որ մեր կուսակցությունում նման բան է քննարկվել։ Քաղաքական տարբեր պրոցեսներ են ընթանում, քաղաքական տարբեր հարցադրումներ ու խնդիրներ կան, որոնք լուծումներ պետք է ստանան։ Երբ կլինի կոնկրետ առաջարկ, ճանապարհային քարտեզ, նոր ես ձեր հարցերին ավելի կոնկրետ կպատասխանեմ»,– ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք` ըստ մամուլի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունենալու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Մինչ այդ Ծառուկյանը հանդիպում է ունենալու ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ