40 օր երկնքում. ավագ-լեյտենանտ, ուսանող ու ընկեր Գևորգ Արշակյանը

Գևորգ Արշակյանի ուսանողական ընկերը՝ Էլինան, հիշում է՝ Մատաղիսում ծառայող ավագ-լեյտենանտ Արշակյանը դիպլոմների հանձնմանը ներկա լինել չի կարողացել, հայրենիքի սահմաններն էր հսկում, փոխարենը փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի իր դիպլոմն ստացավ օրեր անց, ավարատական նկարն էլ ինքը հեղինակեց:

Էլինա Արիստակեսյան, Գևորգի ընկերը — Դուրս գալուց ասացի՝ դե մի հատ հպարտ կանգնի՝ նկարեմ, ասաց՝ այս ֆակուլտետի դիպլոմը վերցնել այլ կերպ չի լինի:

Այդպես հպարտ էլ 24 տարի ապրեց երկրի վրա, և արդեն 40 օր՝ երկնքում: Հայրենիքի պաշտպանության համար ընկած Գևորգ Աշակյանի մահվանից 40 օր անց, ինչպես ինքն էր ասում, իր երկրորդ տանը՝ մայր բուհում, հավաքվել են դպրոցական, ուսանողական ընկերները, հարազատները, ընտանիքի անդամներն ու ժպիտով, բայց արցունքների միջից պատմում են Գևորգի մասին, հպարտանում, որ սովորել, ընկերություն են արել և ապրել հերոսի հետ:

Դավիթ Ափոյան, Գևորգի ընկերը — Ովքեր Գևորգին ճանաչում են, վստահաբար կարող եմ ասել, որ իր հայրենասիրությունը չափ ու սահման չուներ:

Խաչիկ Աբաջյան, Գևորգի ընկերը — Երբ Գևորգին ճանաչեցի ու ընկերացանք, ինձ համար արդեն պարզ էր, թե ինչու են բոլորն իրեն ճանաչում, լուսավոր, պարզ ու Ֆանտաստիկ մարդ էր:

Եթե նախկինում հարցնում էին՝ ճանաչո՞ւմ ես Արշակյան Գևորգին, այսօր արդեն հարցնում են՝ հասցրիր ճանաչել ամեն բան հասցնող, միաժամանակ՝ փիլիսոփայության, իրավագիտության ֆակուլտետների և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ֆանտաստիկ ուսանողին:

Խաչիկ Աբաջյան — Ինքն անընդհատ ասում էր, որ համալսարանն արժեք է, և այստեղ պետք է դասավանդվեն միայն գիտություններ ու շատ ուսանողների համոզում էր, որ իրենց մասնագիտությունը գոյություն չունի:

Արիստոտելին, Սոկրատեսին ու մյուս փիլիսոփաներին կոլեգա անվանող Գևորգը նույնը նաև Մատաղիսում ծառայության ժամանակ իր զինվորներին էր ապացուցել:

Տիգրան Նալբանդյան — Մի օր զինվորներից մեկը մոտեցավ ինձ ու ասաց, որ նոր պարոն լեյտենանտ Գևորգ Արշակյանն ինձ ապացուցեց, որ ես գոյություն չունեմ:

Իսկ ինքը գոյություն ունի՝ անկախ ֆիզիկական բացակայությունից՝ Գևորգին հակառակ պնդում են ընկերները: Որպես սպա բանակ զորակոչված Գևորգը ծառայությունն ավարտել էր ամռանը: Պատերազմի հաջորդ իսկ օրը համալսարանական ջոկատ կազմելու նախաձեռնությամբ ինքը հանդես եկավ: Մեկնեցին ռազմաճակատ, օրեր անց հերթափոխը հանձնելով վերադարձան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ