Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել․ ոստիկանություն

Այսօր առավոտյան Երեւանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցած անհնազանդության ակցիաների առթիվ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։

ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի՝ ինքնիրավչության հատկանիշներով։

Ոստիկանության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ․

«Դեկտեմբերի 11-ին, ժամը 9․30-ի սահմաններում, Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ անձինք, իրացնելով ակցիա իրականացնելու, հավաքներ կազմակերպելու և անցկացնելու իրենց իրական կամ ենթադրյալ իրավունքները, տևական ժամանակ խոչընդոտել են գնացքների բնականոն աշխատանքը՝ քաղաքացիներին զրկելով ազատ տեղաշարժվելու իրենց սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես և պետության ու հասարակության շահերին։

Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ ակցիա էին իրականացնում Երեւանի մետրոպոլիտենում, որի ժամանակ նաեւ միջադեպ տեղի ունեցավ ցուցարարների եւ մետրոյի ուղեւորների միջեւ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ