![]()
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմն ամրապնդելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու հարցում:
Ինչպես հայտնում է «Մեհր» գործակալությունը, նման հայտարարությամբ Ռոհանին հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի դիրքորոշմանը՝ նախագահը գոհունակություն է հայտնել «երկու երկրների միջև պատերազմի ավարտի առնչությամբ»:
Վերջինս հիշեցրել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված իրանական ծրագրի մասին, որը քննարկելու համար հատուկ դեսպանորդ էր ուղարկվել Մոսկվա, Բաքու և Երևան:
Հանդիպման ժամանակ Ռոհանին հարևան Ադրնեջանի հետ հարաբերություններն անվանել է եղբայրական՝ ասելով.«Իրանի Իսլամական Հանրապետության կամքն Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելն է, հույս ունենք օգտագործել այս հնարավորությունը նոր միջազգային պայմաններ ստեղծելու և երկու երկրի հարաբերությունները հետագայում խորացնելու համար»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
![]()